Հայտնի է, թե ինչ են քննարկել Լավրովը, Միրզոյանը և Բայրամովը

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Քննարկվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։

 

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, այդ թվում՝ հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:

 

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՌԴ ԱԳՆ-ն: Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստումը:
 

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Վերահաստատել են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու հանձնառությունը։
 

Նշվել է առաջընթացը առանցքային ոլորտներում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ Եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ, ինչպես նաեւ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման գործընթացը Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ գործարկելու ջանքերը՝ կողմերի խնդրանքով։
 

Քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստման թեմատիկան, որին ռուսական կողմը նույնպես պատրաստ է ամեն կերպ նպաստել։
 

Նախարարները արտահայտվել են հօգուտ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հասարակությունների ներկայացուցիչների միջեւ երկխոսության շարունակմանը»։