Կառավարությունը վերանորոգման նպատակով էժան վարկեր կտրամադրի
ՀՀ քաղաքացիներին էժան վարկեր կտրամադրվեն իրենց բնակարանների և տների էներգաարդյունավետ վերանորոգման նպատակով։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը` ներկայացնելով կառավարության սուբսիդավորմամբ իրականացվելիք ծրագրի մասին համապատասխան որոշման նախագիծը։
«Էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի սահմանաչափը կազմում է բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում 1 քառակուսի մետրը` 70 000 դրամ, բայց ոչ ավելի, քան 7 մլն դրամ, անհատական բնակելի տների համար՝ 1 քառակուսի մետրը` 100 հազար դրամ, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամ։ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ ոչ ավելի, քան 14% տոկոսադրույքով, առավելագույնը 84 ամիս ժամկետով»,- ասաց Ղուլարյանը։
Ընդ որում` սահմանամերձ համայնքների բնակիչներին կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի վարկի տոկոսադրույքը, այսինքն` նրանք վարկը կստանան 0 տոկոսով։ Ոչ սահմանամերձ գյուղերում վարկը կտրամադրվի 2 տոկոսով, քաղաքային բնակավայրերում` 3, իսկ Երևանում` 5 տոկոսով։
Կառավարության որոշմամբ էներգաարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակում իրականացվում են էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերման, տեղադրման կամ փոխարինման, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման աշխատանքները։
Կառավարության որոշումը տարածվելու է ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշումը կարևորեց ոչ միայն էներգաարդյունավետության ու բնակարանների նորացման տեսակետից, այլև լրացուցիչ աշխատատեղերի։
«Մենք նաև այսպիսով պոտենցիալ աշխատատեղեր ենք ստեղծում աշխատանքի մեկնող մեր այն հայրենակիցների համար, որոնք այս տարի հայտնի պատճառներով գուցե չկարողանան մեկնել արտագնա աշխատանքի»,- ասաց նա։
Բացի այդ, ծրագիրը կխթանի նաև շինանյութերի տեղական արտադրությունն ու վաճառքը։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկ...