ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները բարձրախոսով ասում են՝ վաղ թե ուշ մտնելու ենք, բոլորիդ կոտորելու ենք․ Աբրահամյան

Վերջին 10 օրերին շփման գծի տարբեր ուղղություններով Ադրբեջանը դիմում է տարբեր սադրանքների, մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

 

«Այս պահին պաշտոնական տեղեկություն դեռ չեն փոխանցում Արցախի իշխանությունները, կան որոշակի մտահոգություններ ու վարկածներ, բայց նկատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել եւ ըստ այդմ, տեղում որոշակի իրավապահ մարմինների շրջանակներում աշխատանքներ իրականացնել, ապա բնական է, որ այս թեմայով վերջնական եզրահանգում դեռ չկա: Բայց մեծ է հավանականությունը, որ քանի որ գազատարի վերահսկողությունը հիմնականում ադրբեջանական զորքերին է այդ հատվածում, ապա այդ մասում կարող էր տեղի ունենալ Ադրբեջանի կողմից զուտ ահաբեկչական գործողություն»,-ասաց նա:

 

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երասխի հատվածում ունեցել ենք Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիա, որի հետեւանքով հայկական կողմն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր. «Ասկերանի շրջանի Խրամորդ գյուղի եւ Մարտունու շրջանի Նորշեն եւ Թաղավարդ գյուղերի հատվածում Ադրբեջանը դրսեւորում է տարբեր բնույթի սադրանքներ, որոնք սկսվում են հրաձգային զենքերից արձակված կրակահերթերով, փոքր հրետանու, ականանետի կիրառմամբ, ինչպես նաեւ հոգեբանական գհոի իրականացմամբ, որն արտահայտվում է բարձրախոսներով հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների, նաեւ զգուշացնող հայտարարությունների տարածմամբ: Ասվում է, որ դուք պետք է հեռանաք այդ տարածքներից, որովհետեւ սրանք մեր հողերն են, հակառակ դեպքում դա անելու ենք ուժի կիրառման միջոցով:

Քաղաքականություն

Պատահարներ