Մանրամասներ՝ Պուշկինի թունելի հիմնանորոգման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերից

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ներկայացվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման և արդիականացման, ինչպես նաև Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը, որոնք մշակվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:


Նախագծերի ներկայացմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ։ Ասիական զարգացման բանկից հանդիպմանը ներկա են եղել տրանսպորտի տնօրեն Չեն Չենը (Chen Chen), տրանսպորտի ոլորտի գործերի պատասխանատու Հիրոակի Յամագուչին (Hiroaki Yamaguchi), բանկի տրանսպորտի գլխավոր վերահսկող մասնագետ Նիկոլաս դը Կաստելին (Nicolas Dei Castelli) և այլք։


Հանդիպման մեկնարկին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Ասիական զարգացման բանկին երկարամյա կառուցողական համագործակցության և Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աջակցության համար։ Իր հերթին Չեն Չենն անդրադարձել է ԱԶԲ-Հայաստան համագործակցության պատմությանը և վերահաստատել բանկի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել երկրի ենթակառուցվածքների արդիականացման գործընթացներին։


Նախագծային աշխատանքներն իրականացրել է ավստրիա-գերմանական «Բերենարդ Գրուպ» (Berenard Gruppe) ընկերությունը, որն ունի ավելի քան 40 տարվա փորձ ինժեներական նախագծման ոլորտում։


Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծով նախատեսվում է գործող թունելին զուգահեռ կառուցել ԵՄ ստանդարտներին և երկրորդ տեխնիկական կարգի ավտոճանապարհին համապատասխանող 2.36կմ երկարությամբ նոր թունել։ Գործող թունելը կվերափոխվի տարհանման թունելի, որը յուրաքանչյուր 500 մետրում կապ կունենա նոր թունելի հետ։ Նոր թունելը նախատեսված է կահավորել անհրաժեշտ բոլոր ժամանակակից ինժեներական, անվտանգային և ավտոմատ կառավարման համակարգերով։


Պուշկինի թունելի հիմնանորոգման և արդիականացման նախագծի շրջանակում նախատեսվում է հիմնանորոգել թունելի երեսարկը, ջրահեռացման համակարգը, մայթերն ու երթևեկելի հատվածը, ստեղծել վթարային կանգառների համար նախատեսված գրպանիկներ, շարունակել և ավարտին հասցնել անավարտ տարհանման թունելի կառուցումը։ Վերջինս ԵՄ ստանդարտներին համապատասխան կտրամադրի արտակարգ իրավիճակներում տարհանման հնարավորություն յուրաքանչյուր 500 մետրում։ Բացի դրանից՝ նախատեսվում է ԵՄ ստանդարտներին համապատասխան ամբողջությամբ արդիականացնել թունելի օդափոխության, լուսավորության, էլեկտրամատակարարման, հրդեհաշիջման, տեսահսկման և ազդանշանման համակարգերը։


Հանդիպման ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը նախագծերի վերաբերյալ և քննարկել հետագա համագործակցությանն առնչվող մանրամասները։

Քաղաքականություն

Պատահարներ