Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել
Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է հենց ինքը` Գագիկ Սարգսյանը:
«Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Սա շատ դժվար ու բարդ որոշում էր ինձ համար: Ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառն այն աշխատանքային մթնոլորտի բացակայությունն է, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում դահուկային մարզաձևը զարգացնելու համար, այն կամքը, որ պետք է լինի, բայց դա միակողմանի չի կարող լինել։ Այսինքն, միայն ֆեդերացիայի ջանքերով կամ մենակ ֆեդերացիայի նախագահ լինելով՝ այդ մարզաձևերը հնարավոր չէ զարգացնել»,-ասել է Գագիկ Սարգսյանը:
Վերջինս պնդել է, որ տարիներ շարունակ իրենց բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները՝ ուղղված ԿԳՄՍ նախարարությանը, այդպես էլ լուծում չեն ստացել։
Հիշեցնենք՝ Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն հարցում էր ուղարկել ֆեդերացիա, ինչին Սարգսյանը պատասխանել էր հետևյալ կերպ. «Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»։





























