
Արտակարգ իրավիճակ. մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են մերկասառույց ճանապարհին

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան գրեթե 3 ժամից ավելի Երևան-Մեղրի ավտոճանապարհի 193-րդ կմ հատվածում՝ Արարատի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող ավտոճանապարհի Ելփինի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել: Առավոտը ժամը 9:30-ից մոտ 3 ժամից ավելի բարձիթողի վիճակ էր տիրում: Եղեգնաձորի ճանշինի պատասխանատուները ասես արջի քուն մտած լինեն: Հետաքրքիր է, եթե տենդերը շահել եք ու պետության ու ժողովրդի առաջ պարտավորվել եք աշխատանքները կատարել առանց թերությունների, այդ դեպքում՝ ինչու է նման քաոսային վիճակ տիրում: Ո՞վ է տեսել՝ 3 ժամից ավելի սպասենք, թե պետք է Եղեգնաձորի ճանշինը իրենց ղեկավարի հետ բարեհաճեն ու մաքրեն ճանապարհը մերկասառույցից, մշակման աշխատանքներ կատարեն: Ոչ մի գրամ աղ ու ավազ լցված չի: Բարոյական օգնություն ստացել ենք միայն Եղեգնաձորի հրշեջներից ու ճանապարհային ոստիկաններից: Հիմա, եթե շտապօգնության կանչ լինի, չգիտենք, թե սկոռիները երբ կհասնեն հիվանդին: Ու դրա մեղավորն ու պատասխանատուն Եղեգնաձորի ճանշինն է: Հիմա էս մեր հարյուր խելոքներով չգիտենք՝ երբ կբարեհաճի ճանշինը, որ սկսեն ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ: Խոսում են քաղաքակիրթ ու եվրոպական երկրներից: Էնտեղ եթե էսպիսի բարձիթողի վիճակ լիներ, ապա ճանշինի ղեկավարը մի կլորիկ գումար կմուծեր աշխատանքները թերի կատարելու համար, անհրաժեշտության դեպքում էլ՝ կազատվեր աշխատանքից: