Քաղաքականություն

Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News

Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ավելի հակված լինել սադրիչ գործողությունների, որոնք ընդհուպ կարող են առնչվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքին։CBS…

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ավելի հակված լինել սադրիչ գործողությունների, որոնք ընդհուպ կարող են առնչվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքին։


CBS News-ը, հղում անելով հատուկ ծառայությունների գնահատականներին տեղյակ ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ խոսքը կարող է վերաբերել հիբրիդային գործողություններին, կիբեռհարձակումներին և այլ քայլերի, որոնք Մոսկվային թույլ են տալիս ժխտել իր առնչությունը, սակայն չեն ենթադրում լայնածավալ ռազմական հակամարտության մեկնարկ։ ԱՄՆ հետախուզական համայնքում գտնում են, որ մի քանի ամիս առաջվա համեմատ ռուսական ղեկավարությունն այլ կերպ է գնահատում նմանօրինակ քայլերի ռիսկերը։


Պաշտոնյաների փոխանցմամբ՝ Մոսկվայի ենթադրյալ նպատակը պարտադիր չէ, որ լինի ՆԱՏՕ-ի հետ լայնամասշտաբ պատերազմ սադրելը, այլ՝ դաշինքի միասնությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը ստուգելը՝ դաշնակիցներից մեկի դեմ հարձակմանը արձագանքելու հարցում։


Միացյալ Նահանգներում նաև կարծում են, որ այս շաբաթվա սկզբին Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերված պայթուցիկով անօդաչուն ռուսական ծագում ունի։


Ամերիկացի պաշտոնյաները մատնանշում են նաև այլ միջադեպեր, որոնք խորացրել են անհանգստությունը։ Դրանց թվում են՝ ռուսական անօդաչուների մուտքը Ռումինիայի օդային տարածք, ռուսական հրթիռի կողմից Լեհաստանի տարածքի հատումը, ինչպես նաև Եվրոպայում ենթադրյալ դիվերսիաների, կիբեռհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների հաճախացած դեպքերը։


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն և եվրոպացի այլ առաջնորդներ արդեն բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանն ընդլայնում է հիբրիդային մեթոդների կիրառումը։ Ռյութեն անցյալ տարվա դեկտեմբերին զգուշացրել էր, որ դաշինքի երկրներն արդեն վտանգի տակ են, և Մոսկվան հինգ տարվա ընթացքում կարող է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի դեմ ռազմական ուժ կիրառել։


ԱՄՆ հետախուզության նոր գնահատականները հայտնվել են Ուկրաինայում շարունակվող մարտական գործողությունների և ռուսական զորքերի զգալի կորուստների ֆոնին։ Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ Ռուսաստանը ամսական կորցնում է մոտ 30 հազար զինծառայող, կամ շաբաթական 5–7 հազար, ինչը գերազանցում է նոր մարտիկների հավաքագրման տեմպերը։


Միևնույն ժամանակ, հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ դիվանագիտական ջանքերն առայժմ մտել են փակուղի, իսկ բանակցությունների վերսկսման հստակ ճանապարհ չկա։


ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան հատուկ ծառայությունների գնահատականները։ ՆԱՏՕ-ում նույնպես առայժմ չեն պատասխանել CBS News-ի հարցմանը։ Պարբերականը մեկնաբանության համար դիմել է նաև Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։


CBS News-ի տվյալներով՝ ամերիկյան հետախուզության գնահատականների մասին առաջինը հայտնել էր The Wall Street Journal-ը։


Իրավիճակն առանձնահատուկ նշանակություն է ստանում Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ կապված, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի 32 անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա։


Ավելի վաղ Թրամփը բազմիցս կասկածի տակ էր դրել այդ պարտավորությունների անվերապահությունը, թեև այլ դեպքերում հայտարարել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու ԱՄՆ պատրաստակամության մասին։ Նրա վարչակազմը նաև ձգտում է ավելացնել եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը և վերաբաշխել անվտանգության համար պատասխանատվությունը դաշինքի ներսում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250