«Վլադիմիր Պուտինը միանշանակ կհրաժարվի մեկնել Անկարա». միջազգայնագետ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռուս–ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդական հանձնառությանը։

 

Էրդողանը փորձում է ցույց տալ, թե Թուրքիան այնքան մեծ երկիր է, որ կարող է սևծովյան ավազանի երկու հարևաների` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդ հանդիսանալ, սակայն ՌԴ–ն չի մտնի թուրքական նոր խաղի մեջ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
 

«Վլադիմիր Պուտինը միանշանակ կհրաժարվի մեկնել Անկարա, որովհետև Թուրքիան ռուս–ուկրաինական հակամարտության մեջ հանդես է գալիս որպես շահագրգիռ կողմ և ունի հատուկ կարծիք, որն ըստ էության հակառուսական է, քանզի Ղրիմը համարում է Ուկրաինայի անքակտելի մաս։ Թուրքիան «Բայրաքթարներ» է մատակարարում Ուկրաինային, որոնք անկասկած օգտագործվելու են Դոնբասում հակամարտության թեժացման դեպքում, և հայտարարում է, որ Ռուսաստանը չի կարող իրեն խանգարել Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու հարցում»,– ասաց միջազգայնագետը։

 

Բալասանյանի կարծիքով` Ռուսաստանն ինքը կարող է ցանկացած հակամարտության մեջ դառնալ միջնորդ և Թուրքիան ՌԴ–ի աչքում չունի այն կշիռը, որ կարող է ստիպել Վլադիմիր Պուտինին, ՌԴ քաղաքական վերնախավին՝ «թելել թուրքական թելն Ուկրաինայի հարցում»։

Միջազգայնագետի խոսքով` արդեն տևական ժամանակ է, ինչ Էրդողանի հայտարարություններն ու քայլերը չեն համընկնում, Ղազախստանի հարցում նա ուշացավ և չի կարողանում ներել իրեն, ուստի ցանկանում է գոնե Ուկրաինայի հարցում փրկել դեմքը, բայցևայնպես շատ լավ գիտակցում է, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնի այդ ֆորմատին։

 

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալինը։

Բացի այդ, Քալինն ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցությունների նպատակով։

Քաղաքականություն

Պատահարներ