
Ձերբակալվել է Աղվան Հովսեփյանի տնից գողություն արած քաղաքացին. ի՞նչ էր գողացել. ՀԺ

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ գողության նպատակով մուտք են գործել Բյուրական գյուղի առանձնատներից մեկը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին:
«Հայկական ժամանակ»-ին ոստիկանությունից տեղեկացրել են, որ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 17-ի ժ. 19.00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժ. 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Բյուրական համայնքի 3-րդ փողոցի առանձնատներից մեկը և գողացել են ոգելից խմիչքներ և հուշանվերներ:
Օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու համար դեկտեմբերի 18-ին ժ. 14.30-ին բերման են ենթարկել Բյուրական գյուղի մի բնակիչ, որը նախաքննական մարմնում տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը, միևնույն ժամանակ իր տնից ներկայացրել է գողացված ոգելից խմիչքները և հուշանվերները: Վերջինս ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: