
Ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ քաղաքապետին անվստահություն հայտնել. ավագանու «Իմ քայլի» անդամը հայտարարեց` շանտաժի են ենթարկել

«Անօրինական գործիքակազմ է կիրառվել՝ ավագանու անդամների որոշման վրա ազդելու նպատակով»։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը նիստի ընթացքում նշեց երկու պատճառ, թե ինչո՞ւ է կատեգորիկ մերժում քաղաքապետին անստահություն հայտնելու գործընթացը։ Կարծում է՝ սա չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից։
«Երկրորդը այն գործիքակազմն է՝ այն շանտաժի և սպառնալիքի լեզուն, որը օգտագործվել է Երևանի ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար»։
Ավագանու անդամը նշեց, որ քվեարկության արդյունքների օրնականությունը արդեն իսկ կասկածի տակ է դրվում, քանի որ երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին սպառնալիքի և շանտաժի ենթարկելով փորձել են ստորագրություն կամ վկայություններ կորզել, ինչի առիթով Իրազեկ քաղաքացիներ ՀԿ-ն դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
«Այս ոչ լեգիտիմ պրոցեսի ընթացքում բացահայտվեց կազմակերպիչների շանտաժային գործելաոճը՝ ավագանու անդամների վրա տարբեր լծակներ կիրառելով։ Ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ։ Ինչպես այս երեք տարիների ընթացքում, այնպես էլ հիմա նրանք ունակ չեն եղել պարզ քաղաքական հաշվարկներ իրականացնել»։
Գևորգյանը հայտնեց, որ այսպիսով պարզ է դարձել, որ միակ մտավախությունը քաղաքապետի աճող և ՔՊ-ի նվազող վարկանիշն է։ Դրդում են ավագանու անդամներին բոյկոտի, ազդում նրանց կամարտահայտման վրա՝ փորձելով երևանցիներին զրկել նոր տրանսպորտային համակարգից։
«Նրանց պնդումները առ այն, որ քաղաքապետի հետ ավագանու և կառավարության կապը խզվել է, այս հակահեղափոխական գործընթացից ու շանտաժից պարզ է դառնում, թե ինչու։ Նրանք մոռանում են ասել՝ իրենց կապն է խզվել թե հեղափոխության, թե դրա արժեքների հետ»։
Ավագանու անդամը հիշեցրեց նաև վարչապետին պատկանող ՀԺ կայքի կողմից հրապարակված նյութը,որով չունենալով որևէ փաստ, դեղին մամուլի միջոցով փորձել է ցեխ շպրտել, խաղալ քաղաքապետի անվան հետ ու նորությունը միայն ծիծաղ է առաջացրել։