ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ծառուկյանի տանը Հայաստանում թերևս լավագույն պայմաններն են ապահովված եղել կենդանիների համար. ԲՀԿ խոսնակ
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կողմից կենդանիներ պահելու պայմաններին, որսորդական նախասիրություններին և «Մուլտի Գրուպ» կոնցեռնում իրականացված խուզարկություններին։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մարդն ունի նախասիրություն, և օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի վայրերում ու պայմաններում իրականացնել դա։ Անդրադառնալով կենդանիների պահման հանգամանքին՝ նա հայտնել է, որ Հայաստանում թերևս լավագույն պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են և երևում են կադրերում՝ ունենալով բոլոր թույլտվություններն ու բոլոր տեսակի մասնագետների առկայությունը։ Տոնոյանը հավելել է, որ այս ամենին մանրամասնորեն տիրապետում է, որովհետև մի քանի տարի առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը փոքրիկ առյուծ էր նվիրում Երևանի կենդանաբանական այգուն, նվիրատվության գործընթացի կազմակերպումը բավականին երկարատև թղթաբանական գործընթաց էր, և բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, պահպանման վայրն ու պայմանները համապատասխանել են նորմերին։ Ըստ նրա՝ այստեղ ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի շատ մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ։
Լրագրողի դիտարկմանը, թե պարոն Ծառուկյանը մի կողմից կենդանիներին կերակրում է, օրինակ՝ կան տեսանյութեր ու ֆոտոներ, որ առյուծի ձագին է կաթ տալիս, այսինքն՝ կենդանասեր անձի կերպար ունի, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ կենդանիների գլուխները գլխատվում և առաստաղին են փակցվում, և հարցին, թե սա կենդանասեր լինելու ինչով է, Իվետա Տոնոյանը պատասխանել է, որ ցանկացած մարդ ունի իր հոբին, իր նախասիրությունը, և այն, ինչ արգելված չէ, որևէ մեկը չի կարող քննարկել։ Նա նշել է, որ մեկը կարող է սիրել ունենալ երկար վարսեր, հաջորդ վայրկյանին՝ կարճ վարսեր, և որևէ մեկը չի կարող այդ նախասիրությունը քննարկել ու քննադատել։ Նա ընդգծել է, որ այն ամենը, ինչ իրականացվել է Գագիկ Ծառուկյանի կողմից, եղել է բացառապես օրենքի և իրավունքի շրջանակներում ու գերակայության պայմաններում։ Տոնոյանը նաև հարցադրում է արել, որ եթե տան հարցի առնչությամբ բոլորին հայտնի էր, որ պարոն Ծառուկյանը և՛ կենդանիներ ունի, և՛ որսի հետ կապված նախաձեռնություններ, ապա ինչու քրեական վարույթ չէին նախաձեռնում, եթե գտնում էին, որ այդտեղ կա քրեաիրավական տարր, և արդյոք իրենք իրենց չեն հակասում ու չպետք է բարձրացվի իրավապահների ու քննիչների պատասխանատվության հարցը այսքան անգործություն ցուցաբերելու համար։
ԲՀԿ խոսնակը նշել է, որ չի ցանկանում հարցին հարցով պատասխանել, բայց հարցրել է, թե արդյոք բացարձակ պատահականություն էր մեկ օրվա ընթացքում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող 10-ից ավելի հիմնարկ-ձեռնարկություններում և 70-ից ավելի հասցեներում խուզարկություններ ու քննչական գործողություններ իրականացնելը։ Նրա ձևակերպմամբ՝ դա ամենևին պատահական չէր, բոլորն էլ ամեն ինչից շատ լավ տեղյակ են և հասկանում են, որ այս ամենը ընդամենը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի, Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերությունների ու կազմակերպությունների գործունեությունը պարալիզացնելն է և հանրային աղմուկ բարձրացնելը։ Իսկ ինչ վերաբերում է նախօրեին իրավապահ մարմինների ու քննիչների իրականացրած գործողությունների իրավաչափության գնահատականին, Տոնոյանը հայտնել է, որ բազմաթիվ դրվագներով այժմ ներկայացնում են իրենց դիրքորոշումները բողոքարկման մասով, որովհետև Երևան քաղաքի կենտրոնում և ոչ միայն կենտրոնում գործող արտադրական ձեռնարկությունները առանց որևէ նախապատրաստական աշխատանքի կապարակնքելը անգամ ֆիզիկական անվտանգության լրջագույն խնդիր կարող է առաջացնել հարակից շենք-շինությունների և մնացած ամեն ինչի հետ կապված։