«Այդպես կանգնած էլ նյութերդ կգրես սրանից հետո»․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին․ Aravot

Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճին հարակից միջանցքում մի քանի օպերատորներ նստած են եղել աթոռներին՝ իրենց հեռախոսներով տարված, երբ այդ հատվածով անցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ երեւույթին, վերջինիս դուր չի եկել օպերատորների՝ ոտքը ոտքին գցած նստած դիրքը ու Սիմոնյանն անցնելուց հետո հետ է դարձել, իր հեռախոսով նկարել օպերատորներին ու հեռացել: Այս մասին գրում է Aravot.am-ը։ 

Րոպեներ անց ԱԺ աշխատակիցները նրա հրահանգով եկան ԱԺ միջանցք ու սկսեցին տանել այն աթոռները, որոնց վրա նստում են լրագրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչները: Երբ լրագրողները ԱԺ նախագահությունից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են աթոռները հանում տանում, մեզ ասացին, թե օպերատորները անշնորհք են նստած եղել: 

 

Իրավիճակն այնքան անհասկանալի էր ու անընկալելի, որ փորձեցինք ԱԺ նախագահի հետ հանդիպել՝ պարզելու, թե օրինակ մենք՝ լրագրողներս, ի՞նչ ենք արել, ինչո՞ւ ենք ստիպված մնալ ոտքի վրա ու այդպես գրել մեր նյութը, աշխատել՝ զրկված լինելով աշխատանքային տարրական պայմանից՝ աթոռից: 

 

Ալեն Սիմոնյանի պատճառաբանությունը հետեւյալն էր՝ երբ օպերատորները կամ լրագրողները պատգամավորի են տեսնում, պետք է ոտքի կանգնեն: Նրա մեկնաբանությամբ՝ այդպես պետք է հարգենք ինստիտուտը: Որպես օրինակ, նա նշեց, թե՝ բա որ ասենք Կիպրոսի նախագահի հետ անցնեի այդ միջանցքով… Ընդ որում, Ալեն Սիմոնյանը հասցրել էր կարդալ աթոռները տանելու իր հրահանգից հետո «Առավոտի» լրագրողի ֆեյսբուքյան գրառումը, դրա տակ եղած վիրավորական մեկնաբանությունները ու սկսեց վիճել, թե՝ ստատուսդ ո՞նց ես գրել այդպես արագ, նստա՞ծ: Ասացի՝ կանգնած: Ալեն Սիմոնյանն էլ, թե՝ «այդպես կանգնած էլ նյութերդ կգրես սրանից հետո»:

 

 ԱԺ նախագահի խոսնակը մեկնաբանություն է տարածել, թե օպերատորները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել: Մինչդեռ նրանք պարզապես նստած են եղել աթոռներին ոտքը ոտքին գցած ու ինչպես պարզվեց, ոտքի չեն կանգնել: Ըստ խոսնակի, նման վերաբերմունք դրսեւորած օպերատորը ներողություն է խնդրել, մինչդեռ օպերատորն ասել էր՝ կներեք, եթե ինձ նկատի ունեք, հեռախոսով եմ զբաղված եղել ու առհասարակ չեմ նկատել՝ ով է անցել: Երբ այդ կարճատեւ հանդիպումից հետո փորձեցինք ճշտել՝ վաղը Ազգային ժողով գալիս «դմփիկնե՞ր» բերենք մեզ հետ, որ վրան նստենք, թե՞ աթոռները այնուամենայնիվ կվերադարձնեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա դեռ ինքը կորոշի: Լրագրողները ստիպված Ազգային ժողովի միջանցքի հատակին նստած աշխատում էին՝ կրելով այդ յուրօրինակ «պատիժը», որը սահմանված չէ որեւէ իրավական ակտով: Թեեւ բացարձակ ուշ չէ նոր որոշում ընդունել, որ այսուհետ Ազգային ժողովի տարածքում լրագրողները պատգամավոր տեսնելիս պետք է մի ոտքի վրա կանգնեն՝ որպես բացարձակ հարգանքի նշան, գլուխը կախեն ու հայացքը գետնից բարձրացնեն այն ժամանակ, երբ պատգամավորն իր աշխատասենյակ մտած կլինի: 

 

Հ. Գ. Օրվա վերջում աթոռներն արդեն վերադարձրեցին իրենց տեղը: 

 

 

Քաղաքականություն