Անգելա Մերկելը հրաժեշտի այցով Թուրքիայում է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Էրդողանի և Մերկելի հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ ՝ մամուլի համար փակ ռեժիմով:
Հանդիպումից հետո սպասվում է երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը:
Գերմանիան և Թուրքիան կարծիքներ են փոխանակել «Թալիբան» արմատական շարժման հետ իրենց պատվիրակությունների բանակցությունների վերաբերյալ և համաձայնել են այդ ուղղությամբ շարունակել ջանքերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, շաբաթ օրը Ստամբուլում, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում: Ի դեպ, սա Մերկելի հրաժեշտի այցն էր Թուրքիա կանցլերի պաշտոնում:
«Մենք, իհարկե, քննարկեցինք Աֆղանստանի իրավիճակը: Որպեսզի Աֆղանստանի բնակիչները չդառնան մաքսանենգների և ապօրինի փոխադրողների զոհը, մենք պետք է ապահովենք հումանիտար օգնության տրամադրումը»,- ասել է Մերկելը: «Մենք մտքեր փոխանակեցինք «Թալիբան» շարժման հետ բանակցությունների վերաբերյալ և, հնարավոր է, շարունակենք դա անել մեր հանձնակատարների միջոցով»,- ասել է նա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգալի ներդրում է ունեցել Սիրիայում ճգնաժամի լուծման գործում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նա հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Անգելա Մերկելի՝ Թուրքիայի հետ համագործակցության հաջող ընթացքը:
«Թուրքիան նպատակ ունի Գերմանիայի հետ առևտուրը հասցնել տարեկան մինչև 50 միլիարդ դոլարի: Գերմանիայի թուրքական համայնքը՝ մեր երկրների ընդհանուր ժառանգությունը, մնում է Անկարայի և Բեռլինի կապերի կարևոր կամուրջ »,- ասել է նախագահ Էրդողանը:
Նա ուշադրություն է հրավիրել փախստականների և անօրինական միգրանտների հոսքի առումով Թուրքիայի վրա դրված բեռի վրա:Վերջին տարիներին Թուրքիան փախստականների հարցում վերածվել է մի տեսակ «հյուրատան», հայտարարել է Էրդողանը:
ԵՄ-ն կշարունակի աջակցել Թուրքիային անօրինական միգրացիայի հարցում,- հայտարարել է Մերկելն ու իր հերթին նշել, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև կապերը միշտ հիմնվել են փոխշահավետության սկզբունքների վրա: Վստահություն է հայտնել, որ Գերմանիայի դաշնային նոր կառավարությունը այս հարցին մոտենալու է նույն դիրքորոշումից: