Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ

Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ ընդգծելով, որ այսօր աշխարհի ամենաթեժ կետը մեր տարածաշրջանն է։

Այստեղ համաշխարհային գերտերությունների շահեր են բախվում։ Թվում է, թե Զանգեզուրի միջանցքը հայ-ադրբեջանական խնդիր է, բայց իրականում այնպիսի խաղացողներ են իրենց ուշադրությունն այս խնդրի վրա կենտրոնացրել, որ պայթյունավտանգ իրավիճակ է։

 

«Այս տարածաշրջանն ունի նոր խաղացող։ Մուսուլմանական միակ միջուկային երկիրը Պակիստանն է, որը հայտնվել է այս տարածաշրջանում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը համատեղ զորավարժություն էին իրականացնում։ Պակիստանն իր կործանիչներով է եկել զորավարժությունների։ Նկատենք, որ Պակիստանն Իրանի թշնամին է։ Իսրայելը ևս այս պահին գտնվում է այս տարածաշրջանում։ Իսրայելն Ադրբեջանում պատրաստվում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր կիրառել։ Եթե Իրանը թույլ տա, որ այդ հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայեն, Իրանի ողջ սպառազինությունը զրո է դառնալու, դրա համար դա թույլ չի տա»,-նշեց փորձագետը։

Վան Համբարձումյանը նշում է, որ Իրանից աննախադեպ լուրջ հայտարարություններ են հնչում թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի ուղղությամբ։ Ընդ որում՝ նրանք լուրջ սպառազինություն են կուտակել Ադրբեջանի հետ սահմանին։ Փորձագետը նաև նշեց, որ Թուրքիան 9-րդ դաշտային բանակն ամբողջ կազմով հիմա տեղակայում է Իրանի հետ սահմանին, իսկ այդ դաշտային բանակն ավելի շատ զինտեխնիկա ունի, քան ՀՀ զինված ուժերը։

«Պակիստանը հենց հիմա Իրանի հետ սահմանին մեծ ուժեր է կուտակում։ Այսինքն՝ աննախադեպ էսկալացիա է սպասվում։ Այդ ամենի կենտրոնում Զանգեզուրի միջանցքն է։ Հիմքեր ունեմ մտածելու, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվելու է միջանցքի հարցը։ Եթե այդ միջանցքը տան, դա Իրանի համար մահ է լինելու։ Այդ դեպքում լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է լինելու։ Իրանը չորս կողմից շրջափակված է, և նրա համար այդ սահմանն օդի ու ջրի նման պետք է։ Էսկալացիայի ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաներն Իրանին ամենաարագն օգնություն հասցնելու տարբերակն է։

 

Եթե այդ սահմանը կտրվի, ռուսական ռազմաբազաներն էլ կկտրվեն սնուցումից։ Ամբողջ ռազմատեխնիկան գալիս է Իրանով, և եթե սահմանը փակվի, ռազմաբազաներն իրենց կենսունակությունը կկորցնեն։ Հայաստանն էլ է դրանից մահացու չափ տուժելու։ Հայաստանի համար ևս զենք ստանալու միակ ճանապարհն Իրանն է»,-նշեց Վան Համբարձումյանը։

Վերջինս նկատեց, որ պատերազմի օրերին Վրաստանը թույլ չէր տալիս, որ Ռուսաստանից զենք գա Հայաստան, այն դեպքում, երբ թույլ էին տալիս՝ իրենց տարածքով Թուրքիայից Ադրբեջանին զինտեխնիկա ուղարկել։ Հետևաբար` միջանցքի հանձնումից հետո Հայաստան զենք-զինամթերք այլևս չի մտնի։

 

«Եթե հիմա Հայաստանը շրջափակման մեջ է, այդ ժամանակ պաշարման մեջ է լինելու։ Դա Հայաստանի վերջի սկիզբն է լինելու»,-նշեց Վան Համբարձումյանը։

Անդրադառնալով Թբիլիսիում սպասվող Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան զորավարժություններին, փորձագետը նկատեց՝ Վրաստանը ջերմ ռազմավարական հարաբերություններ ունի երկու պետությունների հետ։ Փորձագետի կարծիքով Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում նաև Վրաստանի միջոցով են ընդլայնում։ Հետևաբար` այս զորավարժություններն ահազանգ պետք է լինեն Հայաստանի համար, որ միջանցքը չի կարելի տալ։

«Այս զորավարժությունները ցույց են տալիս, որ Հայաստանն ունի միայն մեկ բարեկամ՝ Իրան, և եթե նրա հետ սահմաններն էլ կտրվեն, շրջափակման մեջ կհայտնվենք»,-ասաց փորձագետը։

 

Դիտարկմանը, որ Հայաստանն այս համատեքստում նույնպես կարևոր դեր ունի, քանի որ մենք ենք որոշում միջանցքի հարցը, Վան Համբարձումյանը նկատեց՝ Հայաստանն է որոշում այդ հարցը, բայց նրա կարծիքով Հայաստանի իշխանություններն այդքան էլ դեմ չեն միջանցքը տալ։

«Ես դրանից եմ վախենում։ Դա նշանակում են այնպես, որ բխում է Հայաստանի ռազմավարական շահերից այն դեպքում, երբ դա Հայաստանի համար մահ է։ Մենք ենք որոշում, բայց ուզում եմ, որ իշխանությունները լավ մտածեն։ Եթե միջանցքը տան, Հայաստանը ոչինչ չի կարող շահել»,-ամփոփեց Վան Համբարձումյանը։

Քաղաքականություն