Շատ կարևոր է դիտարկել և Թուքիայի հետ հաշտեցման հեռանկարը նույնպես մտքում պահել․ Լին Թրեյսի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման այսօրվա հնարավորություններին։

 

«Կարծում եմ՝ հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի։ Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,- ասել է նա։

 

Դեսպանի խոսքով՝ դժվարությունները, տարակարծություններն ու լարվածությունը հաղթահարելու համար այս սկզբունքներն այսօր էլ կարող են ուղղորդող լինել բանակցությունների համար։

«Երբ մենք շարունակում ենք վերագնահատել տեղում իրավիճակի առանձնահատկությունները, այս սկզբունքներն են շատ առումներով մնում ուղղորդող, կողմնորոշիչ սկզբունքներ բանակցությունների համար, որովհետև որպես համանախագահող՝ մենք ձգտում ենք տևական, մնայուն խաղաղության, իսկ դրա համար իրականում անհրաժեշտ է համապարփակ բանակցություններ վարել, անհրաժեշտ է, որպեսզի կողմերը պատրաստ լինեն խոսել միմյանց հետ՝ անկեղծ, շիտակ և պատրաստ լինեն փոխզիջումներ անել»,- ասել է դեսպանը։

Լին Թրեյսին հավելել է, որ ԱՄՆ հավատացած է՝ ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի։

«2020 թվականի նոյեմբերին կնքվեց հրադադար, ուստի, ինչպես արդեն ասել եմ, ԱՄՆ-ի հայտարարված քաղաքականությունը սա է այս հարցի վերաբերյալ։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասկանալ յուրաքանչյուր կողմի շահը, հետաքրքրությունը։ Շահերից մեկը տարածքային ամբողջականությունն է, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը նույնպես հիմնական սկզբունքներից մեկն է եղել և մնում, որը չի կարող արհամարհվել»,- ասել է նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին՝ Լին Թրեյսին ասել է, որ ծանոթ է ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հայտարարություններին։

«Ես, անշուշտ, տեսա նախագահ Էրդողանի վերջերս արած հայտարարությունը։ Դա չափավոր հայտարարություն էր, այնքանով, որքանով ես ընկալեցի։ Ես տեսա ՀՀ վարչապետի պատասխանը։ Կարծում եմ՝ դա քաջալերող է այն իմաստով, որ, այո, անհրաժեշտ է նվազեցնել հռետորաբանության լարվածությունը, նվազեցնել այն սադրիչ հռետորաբանությունը, որը մենք տեսել ենք տարածաշրջանում՝ հատկապես կապված Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Կարծում եմ՝ դա շատ օգտակար է, բայց միևնույն է, մենք դեռևս շատ լարված վիճակում ենք»,- ասել է դեսպանը։

Նա կարծիք է հայտնել, որ լարվածությունը պահպանվում է սահմանային խնդիրների պատճառով, սակայն Թուրքիայի հետ հաշտեցման հեռանկարը պետք չէ անտեսել։

 

«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է դիտարկել և Թուքիայի հետ հաշտեցման հեռանկարը նույնպես մտքում պահել, այդ մասին էլ մտածել։ Մենք պետք է կրկնենք և հասկանանք, որ դա չի կարող մեկ օրում տեղի ունենալ, դրա համար դիվանագիտական մեծ ջանքեր և քննարկումներ կպահանջվեն։ Սակայն շատ քաջալերող է լսել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք եղել են։ Տեսնենք՝ կլինեն արդյոք հնարավորություններ՝ գործնականում հետամուտ լինելու և այդ բառերից հետո գործողություններ անելու համար»,- ասել է Լին Թրեյսին։

Քաղաքականություն