Այս նահանջող գործելակերպը վկայում է անընդհատ զիջելու պատրաստակամության մասին․ Վարդանյանը՝ «Արցախ» բառը չօգտագործելու մասին

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծն ասաց․

 

«Եթե այս իրավիճակում չենք համարձակվում Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործել մեր օրենսդրության մեջ, ապա այս նահանջող գործելակերպը վկայում է թուլության, անընդհատ զիջելու պատրաստակամության մասին»։

 

Պատգամավորը գտնում է, որ որպես խորհրդարանական երկիր պարտավոր ենք ավելի համարձակ խնդիրներ դնել մեր առջև և կարևորել Արցախի հիմնախնդրին առնչվող բոլոր դրվագները։

 

«Իշխանական պատգամավորներին առաջարկում եմ ևս մեկ անգամ այս թեման քննարկել։ Եթե ուզում եք իսկապես կառուցողական աշխատանք, եթե ուզում եք ինքնիշխան պետության քաղաքական մեծամասնության պատասխանատվությունը Ձեր վրա վերցնել, ձեռնպահ քվեարկելով՝ այս հարցերը չեն լուծվի։ Առաջարկում եմ ավելի լուրջ ու պատասխանատու մոտենալ հարցին»,-նշեց Աղվան Վարդանյանը։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Արցախի հետ կապված քննարկումների համար կան այլ ձևաչափեր, այլ գործիքակազմ, որոնք ուղղված են ապագային և այնպես են մշակված։

Վլադիմիր Վարդանյանի խոսքով ներկայացված նախագիծը որևէ գործնական հարց չէր լուծում, ավելի շատ միտված էր անցյալին, քան ապագային։

Քաղաքականություն