Օրենքի հետ կապված որևէ խնդիր չունենք. Ավանեսյանը՝ պարտադիր պատվաստման մասին

Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությանը։

 

«Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, և դրանք բխում են օրենքներից։ Սահմանված նորմն ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին։ Որևէ խնդիր չունենք»,-նշեց նախարարը։

Դիտարկմանը, որ նախագծում նշվում է՝ եթե վարչապետը, պատգամավորները և այլ մարմնի ղեկավարներ չպատվաստվեն, նրանք գործազուրկ չեն դառնա, իսկ շարքային քաղաքացին չպատվաստվելու դեպքում գործազուրկ կդառնա, Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ խոսքը գնում է «Հանրային ծառայության մասին» օրենքի վերաբերյալ, որի մեջ նախատեսված փոփոխությունները չեն կարող քաղաքական պաշտոն զբաղեցնողներին վերաբերել, սակայն դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես դուրս են մնում կարգավորման շրջանակից։

«Այս պահին վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները պատվաստվել են։ Կարծեմ արդեն 100 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք։ Այսինքն, այստեղ խտրականության մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Քաղաքականություն