Մակունցի պատվին նախօրեին «խորհրդավոր» ընթրիք է տեղի ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայրում․ 168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել
Եվրոպական միությունն ու Միացյալ Նահանգները հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում ակտիվորեն աշխատում են ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձի և Հայաստանը Ռուսաստանից կտրելու կամ Ռուսաստանին Հարավային Կովկասից ամբողջությամբ հեռացնելու ուղղությամբ: Տևական ժամանակ է՝ այդ մասին բարձրաձայնում են նաև փորձագիտական-քաղաքագիտական շրջանակները:
Ի դեպ, այդ գործին են լծվել նաև ՀՀ-ում աշխատող արևմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
168.am-ի տեղեկություններով՝ նախօրեին «խորհրդավոր» ընթրիք է տեղի ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայրում: Ըստ լրատվականի՝ դեսպան Թրեյսին անվանական ընթրիք է կազմակերպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելիք Լիլիթ Մակունցի պատվին: Ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, արևմտյան երկրների մի շարք այլ դեսպաններ:
Մակունցի պատվին կազմակերպված միջոցառման ողջ ընթացքում դեսպանները սիրաշահել են և նախապատրաստել նրան սպասվելիք ամերիկյան առաքելության համար, նրանք, այսպես ասած՝ «աշխարհաքաղաքական թրեյնինգ» են կազմակերպել Մակունցի համար՝ բացատրել, թե որքան ճիշտ որոշում կլինի ՀՀ-ի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունը, փորձել են ցույց տալ, թե որքան մեծ է վերջերս արևմտյան աջակցությունը Հայաստանին, ինչպես է Բլինքենը զանգահարում Երևան, Մակրոնը հայամետ ժեստեր անում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ այցելում Հայաստան, և այլն, և այլն:
Նրանք, մեր տեղեկությունների համաձայն, Մակունցին բացատրել են, թե ինչ պատմական հնարավորություն է ընձեռվել Հայաստանին վերջապես Ռուսաստանից կտրվելու, արևմտյան վեկտորի անցնելու համար, և թե ինչ մեծ առաքելություն ունի Մակունցն այդ ամենն ԱՄՆ աջակցության շնորհիվ Հայաստանում կյանքի կոչելու համար:
Այսինքն՝ այն աշխարհաքաղաքական շրջադարձը, որի մասին արդեն տևական ժամանակ խոսում են մի շարք քաղաքական գործիչներ ու փորձագետներ, քիչ-քիչ միս ու արյուն է ստանում, և արևմտյան դեսպանները տեղում ևս աշխատանքներ են իրականացնում՝ հանուն տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումների:
Ի դեպ, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ արևմտյան դեսպանները հասկացրել են՝ եթե այս Կառավարությունն իրենց ակնկալիքներն արդարացնի, հետագայում ևս հիմնականում աչք կփակեն ՀՀ-ում հակաժողովրդավարական դրսևորումների վրա, ինչպիսիք են՝ ապօրինի կալանավորումները, շինծու քրեական գործերը, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ հարձակումները, ճնշումները և այլն: Այսինքն՝ Արևմուտքի ներքաղաքական աջակցությունը Փաշինյանի իշխանությանը դրված է կախվածության մեջ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից՝ Արևմուտքը արտաքին քաղաքական վեկտորի հարցում կոնկրետ հույսեր ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, որի համար պատրաստ է աչք փակել երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական աղաղակող երևույթների վրա: