Ստեփանակերտում բանալու տեսքով «տարօրինակ» արձանի տեղադրման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են ընթանում

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանը բուռն քննարկումների առիթ է դարձել Արցախում: Քաղաքացիները մտահոգություն են հայտնում, թե ինչ է այն խորհրդանշում եւ ինչպես «հայտնվեց» հուշարձանի տարածքում:

Արցախցի  լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Գրեթե բոլորի մոտ հարցեր է առաջացրել …շատերը գրում են ինձ,երկուշաբթի կպարզեմ։ Եթե ինձ հարցնեք`սա հիմարություն է ու Արցախի խորհրդանիշի դիմաց այսպիսի կասկածելի , ոչ հայկական էլեմենտներով,հայկական ճարտարապետությունից հեռու որևէ բան տեղադրելը պիտի արգելվի պետական մակարդակով»։

 

«Օրերս Ստեփանակերտում տեղադրվեց մի տարօրինակ հուշարձան՝ ինը թևանի աստղ, որը Բահայի աղանդի խորհրդանիշն է (կենտրոնը գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքում) և Համսա ամուլետը (մուսուլմանները այս խորհրդանիշն անվանում են նաև «Ֆաթիմայի ձեռքը», իսկ հրեաները՝ «Մարիամի ձեռքը»): Ես փորձեցի պատասխաններ ստանալ տեղի բնակիչներից, բայց ոչ ոք չի հասկանում այս հուշարձանի իմաստը: Խնդրում եմ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին կապվել Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ, որպեսզի պարզենք այս հուշարձանի հեղինակի անունը և Արցախում տեղադրման նպատակը»,- գրել է միջազգային փորձագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

 

Թեմային անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանը եւ հայտնել, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ:

«Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար»

Քաղաքականություն