Լենա Նազարյանը Ֆրանկոֆոնիայի առաքելության հետ զրույցում անդրադարձել է գերիների թեմային

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

 

Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է եղել դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն պայմանավորված հայտնի իրադարձություններով` հետաձգվել է:

 

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը նշել է, որ նոյեմբերից մինչ այսօր շատ իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում. «Հայաստանը ծանր ու դժվար պատերազմի միջով անցավ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ադրբեջանը խախտեց ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պայմանավորվածությունը»:

 

Խորհրդարանի փոխնախագահն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն քաղաքական խնդիր է, որը դեռ լուծված չէ:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է նաեւ, որ Հայաստանը շրջափակված երկիր է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Հանդիպմանը կարեւորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, որը յոթ ամիս անց դեռեւս չի լուծվել:

Նա ընդգծել է, որ միջազգային կառույցների ճնշումն այս առումով ավելանում է նաեւ ֆրանսիացի գործընկերների միջոցով, ինչի համար փոխխոսնակը շնորհակալություն հայտնեց:

 

ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցել է իրենց անկեղծ, ջերմ ու համերաշխ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Նա խնդրել է ներկայացնել իրավիճակն արտացոլող փաստերի առաջնահերթությունը գործընկերներին փոխանցելու եւ համապատասխան բանաձեւ պատրաստելու համար:

Լենա Նազարյանը, ներկայացնելով գործողությունների առաջնահերթությունը, առանձնացրել է ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը եւ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերը: Այս համատեքստում փոխնախագահը կարեւորել է բանակցությունների՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի վերականգնումը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել օժանդակելու բարձրացված հարցերի լուծմանը:

Քաղաքականություն