Երկուսն էլ պետք է հեռանան, նրանք, որ այդ օրենքները գրողներն են, իրենք էլ այդ օրենքները շահագործողը, չարաշահողն են. Մարուքյան

2018 թվականին խորհրդարանը արձակելու գործընթացը եղել է հենց այսպես՝ վարչապետը հրաժարական է տվել, երկու անգամ չի ընտրվել և խորհրդարանն արձակվել է և ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը: Այսինքն՝ ձևավորվել է որոշակի պրակտիկա, և օրենքը այդ ժամանակ այդ ձևով է մեկնաբանվել, չեմ հիշում ընտրություններին մասնակցած որևէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան, նույն բանը հիմա է արվում. լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իրենց կուսակցության կողմից արտահերթ ընտրություններին վարչապետի թեկնածու չառաջադրելու քննարկումներին։

Մարուքյանը նշեց, որ եթե Փաշինյանն իր հրաժարականից հետո չլինի վարչապետի պաշտոնակատար և նրա փոխարեն լինի Տիգրան Ավինյանը՝ ոչինչ չի փոխվելու:

«Պրակտիկան եղել է այդ ձևով, և դա երեք տարի առաջ չվիճարկած մարդիկ այսօր ուզում են այդ պրակտիկան վիճարկել: Օրենքներն այդ ժամանակ այնպես են գրվել, որ ինչ ուզենան անեն, հիմա գրել են, իրենք էլ ինչ ուզում անում են, հիմա ինչի՞ց եք բողոքում: Այդ օրենք գրողներն այսօր բողոքում են, որ մենք գրել ենք օրենքներ, որով ինչ ուզում անում է այսօրվա իշխանությունը: Թող իրենք իրենց օրենքները տանեն ՍԴ-ում վիճարկեն, այս իշխանությունները երեք տարի այդ օրենքները չփոխեցին: Մենք ասում ենք՝երկուսն էլ պետք է հեռանան, նրանք, որ այդ օրենքները գրողներն են, իրենք էլ այդ օրենքները շահագործողը, չարաշահողն են: Հիմա Էդմոն Մարուքյանից ի՞նչ են ուզում։ Այդ հարցով ո՛չ ես գրել եմ, ո՛չ էլ ես այդ պրակտիկան եմ հիմնադրել»,- եզրափակեց նա:

Քաղաքականություն