
Էստոնիայում փակել են մայրուղին,որպեսզի գորտերն ու դոդոշները կարողանան ապահով անցնել ճանապարհով, New York Post

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մինչև ապրիլի վերջ, բանուկ մայրուղիներից մեկով գիշերն անցնել հնարավոր չի լինի: Այն կմնա փակ, որպեսզի գորտերն ու դոդոշները կարողանան ապահով անցնել ճանապարհով, գրում է New York Post-ը:
Նշվում է՝ երկկենցաղներն ամեն տարի «արտագաղթում են» մայրուղու մի կողմից մյուսը՝ ձմեռելով այնտեղ, իսկ եղանակների տաքանալուց հետո վերադառնում են իրենց նախնական կեցավայրը, որտեղ բազմացման համար կատարյալ պայմաններ են:
Սովորաբար գորտերին և դոդոշներին օգնում են կամավորներ, որոնք կենդանիներին տեղափոխում են վտանգավոր տարածքներով: Ընդհանուր առմամբ, այս կերպ կամավորներին արդեն հաջողվել է փրկել ավելի քան 97 հազար առանձնյակ, նշում է պորտալը:
«Այս տարի կամավորները չեն կարող հավաքվել համավարակի պատճառով, բայց միևնույնն է՝ անհրաժեշտ էին անվտանգության միջոցառումներ, քանի որ երկկենցաղների համար դժվար է շարժվել տաք ասֆալտի վրայով»,- ասվում է հաղորդագրության մեջ և հավելվում՝ այս եղանակին ճանապարհի վրա միանգամից կարող է հայտնվել մինչև 300 գորտ:
Պաշտոնյաները քննարկում են ապագայում ճանապարհի տակ գորտերի համար թունել կառուցելու կամ ճանապարհի նույն կողմում, որտեղ ձմեռում են, բազմացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը: