Միշտ չարամտությունից չէ, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ:
Օրակարգային հարցերի շրջանակում Արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը:
Վարչապետ Փաշինյանը նշել է՝ խնդիրը պետք է լինի հետևյալը, որ ոչ թե կանոններ սահմանվեն որպես թակարդներ, այլ կանոններ, որոնք կօգնեն կուսակցություններին գործել օրինական դաշտում։ «Կարծում եմ, որ այժմ ինչ քննարկում ենք, վերաբերում է կուսակցությունների բարեվարքության շրջանակին և դաշտին, և հետագայում «Կուսակցությունների մասին օրենքում» պետք է փոփոխություններ կատարվեն, օրենքով և կանոնադրություններով պետք է սահմանվի, որ կուսակցություններում լինեն մարմիններ կամ պաշտոնյաներ, որոնց վրա պատասխանատվություն դրվի դրանով զբաղվելու»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարը հավելել է՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման ճանապարհին եկել են այն եզրակացության, որ պետական կառավարման մարմիններում պետք է լինեն պաշտոնյաներ, ովքեր էթիկայի, բարեվարքության պատասխանատուներ կլինեն։ «Ինչի՞ համար դա արեցինք, որովհետև, այնուամենայնիվ, պետական կառավարման մարմիններում բոլորն իրենց գործերով զբաղված են, իսկ բարեվարքության կանոնի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ խախտում է արձանագրվում։ Նույն բանը տեղի է ունենում նաև կուսակցություններում։ Իմ առաջարկն այն է՝ մտածենք, օրենքում այնպիսի փոփոխություններ անենք, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի, որ կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարքության կանոններով, և այդ առումով գործընկեր էլ լինի Արդարադատության նախարարությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,– ընդգծել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն չէ, որ կուսակցություններն անընդհատ խախտումներ անեն, իսկ մարմինները տուգանեն, գործեր հարուցեն։ «Մեր խնդիրն է՝ նպաստել, որպեսզի կուսակցությունները ծավալեն հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն, ինչը միշտ չէ, որ ստացվում է, և ես հավաստիացնում եմ, որ միշտ չէ, որ չարամտությունից է, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել»,– նշել է երկրի Փաշինյանը:





























