
Իրենք ասում են՝ ժողովուրդ, դու գործ չունես, մեր քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ, մենք կորոշենք՝ ով կդառնա պատգամավոր. Մարուքյան

Իրենք ասում են՝ ժողովուրդ ջան, երբ որ ես թողնում եմ, որ դու որոշես, թե ով է մտնելու խորհրդարան, դու հանցագործների ես բերում. սա տե՞քստ է, որ ժողովրդին ասում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխող ուժը ցանկանում է Ընտրական օրենսգրքում ներդնել փակ ցուցակներով համամասնական ընտրակարգը, որտեղ ընտրողը քվեարկում է այս կամ այն կուսակցության ցուցակի օգտին, սակայն չի կարող այդ ցուցակում փոփոխություններ առաջարկել:
«Իրենք ասում են՝ ժողովուրդ, դու գործ չունես, մեր քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ, մենք կորոշենք՝ ով կդառնա պատգամավոր: Սա մասնակցային ժողովրդավարության հերն անիծելու ճանապարհ է: Հաջորդը, այս ընտրակարգով իրենք ուզում են, որ կռիվը դարձնեն Նիկոլ Փաշինյանի եւ նախկին իշխանության միջեւ, որը միշտ Նիկոլ Փաշինյանի երազանքն է եղել: Ասում են՝ գաղափարական պայքար կլինի: Ո՞րն է գաղափարականը՝ գելերն ու գելխեղդնե՞րը: Դուք գաղափար պետք է ունենաք, որ ներկայացնեք»,-ասաց Մարուքյանը: