Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժելու նոր բռնապետին. Հայկ Մամիջանյան
Նույնիսկ եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժելու, ինչի մասին ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթում Հայկ Մամիջանյանն առաջարկել է խաղ խաղալ և ներկաներին հարցրել, թե ինչպես կանվանեին այն քաղաքական գործչին, ով զրկում է քաղաքացիներին իրենց հիմնարար՝ ընտրական իրավունքից, ապա նշել, որ ճիշտ պատասխանն է «Բ»՝ բռնապետ։ Հաջորդիվ նա հարցրել է, թե ինչպես կանվանեին այն քաղաքական գործչին, ով յուրաքանչյուր օր ձերբակալում է իր քաղաքական հակառակորդներին, և երբ բառացիորեն ամեն օր որևէ այլախոհ ձերբակալվում է սեփական կարծիքն արտահայտելու համար: Ըստ Մամիջանյանի՝ այս հարցի պատասխանի համար դահլիճի օգնության կարիքը չկա, քանի որ ճիշտ պատասխանն է «Դ»՝ դիկտատոր։ Նա նաև հետաքրքրվել է, թե ինչպես կանվանեին այն պաշտոնյային, ով իրեն պահում է այնպես, կարծես միաժամանակ և' վարչապետ է, և' ոստիկանապետ, և' գլխավոր դատախազ, ու նույնիսկ հավակնություններ ունի ղեկավարելու եկեղեցին։ Պատգամավորի ձևակերպմամբ՝ այս դեպքում ևս կարիք չկա դիմելու «Զանգ ընկերոջը» կամ «50/50» օգնության տարբերակներին, քանի որ պատասխանը նույնն է՝ «Բ» - բռնապետ։
Խմբակցության ղեկավարը մեջբերել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցի ձևակերպումները՝ «Ճնշում պետական աշխատողների վրա, օրենքի ընտրողական կիրառում, նախնական կալանքի չարաշահում, ոստիկանանական բռնությունների անբավարար քննություն և դատական անկախության նվազեցում»:
Նա ուշադրություն է հրավիրել խախտումների «մարգարիտի» վրա, ըստ որի՝ հազարավոր ընտրողներ զրկվել են ընտրելու իրենց իրավունքից, քանի որ 2026թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երեք ընտրատեղամասերի արդյունքներ պարզապես չեղյալ են հայտարարվել։ Ըստ նրա՝ վերաքվեարկություն չի նշանակվել, այլ ուղղակի չեղյալ է հայտարարվել՝ անգամ այն պարագայում, որ տվյալ ընտրատեղամասերում վերաքվեարկության անցկացումը հստակ իրավական պահանջ էր, և Փաշինյանի վարչախումբը պարզապես անտեսել է օրենքի հստակ պահանջը։ Մամիջանյանը սա կարևոր արձանագրում է համարել, քանի որ այդ որոշման արդյունքում ընդամենը մի քանի հարյուր ձայնի պատճառով ընդդիմադիր կուսակցություններից մեկը չի հաղթահարել ընտրական շեմը, ձայներ, որոնք ուղղակի խլել են նրանցից։
Պատգամավորի պնդմամբ՝ այս բոլոր խախտումները կատարվել են մի նպատակով, որպեսզի իշխող կուսակցությունը խորհրդարանում կարողանա ապահովել իր 3/5-րդ մեծամասնությունը, ուստի Հայաստանում կայացած ընտրությունների գնահատականը չափազանց պարզ է՝ Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են։
Նա հավելել է, որ 5 տարի շարունակ այդ դահլիճից խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող ագրեսիայի և հանցագործությունների, Ադրբեջանում բանտարկված իր հայրենակիցների, անհայտ կորածների ճակատագրի, Հայաստանի տարածքների օկուպացման և բազմաթիվ այլ հարցերի մասին։
Այսօր Արցախում ոչ մի հայ չի մնացել, և այսօր նա կրկին խոսում է իր երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին՝ հույս հայտնելով, որ միջազգային կազմակերպությունները կարձագանքեն ավելի շուտ, քան բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այս խախտումները, կբանտարկվեն։
«Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու»,- եզրափակել է Հայկ Մամիջանյանը։