
Առաջիկայում ձեռք կբերվեն նաև այլ արտադրողների պատվաստանյութեր. Նարեկ Զեյնալյան

AstraZeneca-ով պատվաստումից հետո ընդամենը 5 մահվան դեպք է գրանցվել, այն էլ այս պահի դրությամբ մահվան ուղիղ կապը պատվաստանյութի հետ ապացուցված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Որևէ պատվաստանյութ չի կարող զերծ մնալ որևէ կողմնակի ազդեցությունից։ Բոլոր պատվաստանյութերն էլ ունենում են որոշակի կողմնակի ազդեցություններ։ Դեռ պետք է ապացուցվի մահերի կապը պատվաստանյութի ներարկման հետ։ Այս պահին որևէ ապացույց չկա։ Մի քանի երկիր հրաժարվել է մինչև 55 տարեկան անձանց պատվաստել AstraZeneca-ով, իսկ 55-ից բարձր տարիքային խմբերի շրջանում կիրառվում է։ Մեր պետությունը 12 հազար հոգու համար ստացել է AstraZeneca պատվաստանյութը։ Առաջիկայում նաև այլ արտադրողների պատվաստանյութեր ձեռք կբերվեն»,-նշեց պատգամավորը։
Նարեկ Զեյնալյանը նշեց, որ պատվաստումների համար հերթագրումներն ավելի շատ են, քան ձեռքբերված դեղաչափերը։