Արա Այվազյանն ու Ռաշիդ Մերեդովը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր

Ապրիլի 1-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ՝ շեշտվել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները:

Կողմերը բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ:

Հանդիպմանն արծարծվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվել է երկու ժողովուրդների համար կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը: