
ՊԵԿ-ը վաղուց է որդեգրել ստուգումների միջոցով անհարկի միջամտություններից խուսափելու քաղաքականությունը. պարզաբանում

ՊԵԿ-ը վաղուց է որդեգրել տնտեսվարողների գործունեությանը ստուգումների միջոցով անհարկի միջամտություններից խուսափելու քաղաքականությունը: Այս մասին պարզաբանում է տարածել ՊԵԿ-ը՝ անդրադառնալով անդրադառնալով Ռեստորանների հայկական միության տարածած հաղորդագրությանը:
ՊԵԿ-ից հայտնում են հետեւյալը. «Նախեւառաջ ընդգծենք, որ ՊԵԿ-ը վաղուց է որդեգրել տնտեսվարողների գործունեությանը ստուգումների միջոցով անհարկի միջամտություններից խուսափելու քաղաքականությունը, եւ որեւէ հարկ վճարողի նկատմամբ առանց հիմքերի ստուգումներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չի իրականացնում: Կոմիտեն հսկողական գործողություններն իրականացնում է բոլոր ոլորտներում, առանց բացառությունների, օրենքի տառին եւ ոգուն համապատասխան՝ նպատակ ունենալով ստեղծել հարկային համահավասար պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարողի համար:
Հետեւաբար, այս պայմաններում ստուգումներն անհարկի միջամտություն համարելը զուրկ է հիմքերից: ՊԵԿ-ը լիովին գիտակցում է հանրային սննդի ոլորտի կարեւոր դերակատարությունը տնտեսության զարգացման եւ Հայաստանը ներկայացնելու գործում, բայց միաժամանակ չի կարող անուշադրության մատնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների խախտման հանգամանքները կամ նմանատիպ ռիսկերը:
Դիմելով հանրային սննդի ոլորտի տնտեսվարողներին՝ ՊԵԿ-ը հորդորում է լիարժեքորեն արտացոլել իրացման շրջանառությունները, օրենքով սահմանված կարգով ձեւակերպել բոլոր աշխատակիցներին եւ ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաեւ գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով:
Նշված պայմանների պահպանման դեպքում ՊԵԿ-ի կողմից լրացուցիչ հսկողական միջոցառումների, հետեւապես եւ տնտեսվարողների շրջանում անհանգստության առիթներ չեն առաջանա:
Պետական եկամուտների կոմիտեն, գործընկերային մթնոլորտի պահպանման շրջանակում, լիահույս է, որ ոլորտի ներկայացուցիչներն ինքնուրույնաբար կփորձեն շտկել եւ օրենսդրության պահանջներին լիարժեքորեն համապատասխանեցնել իրենց գործունեության բոլոր ասպեկտները` այդ կերպ ամրապնդելով օրինապահ հարկ վճարողի վարքագիծը: