
Մեղրիի քաղաքապետը՝ ՊՎԾ պետի այցի մասին

Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանը գործուղվել էր Սյունիքի մարզ` Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով, դրանում, սակայն, ոչ մի խնդիր չի տեսնում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում քաղաքապետը հայտնեց, որ ինքը Ուլիխանյանի հետ անձամբ չի հանդիպել, տեղակալն է համակարգել այցը։
Նկատենք, որ Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հանդես են եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով, թույլ չեն տվել, որ Փաշինյանը ոտք դնի Սյունիք՝ հայտարարելով, որ նրա գործողությունների հետեւանքով խիստ վտանգավոր վիճակ է ստեղծվել մարզում։ Որոշ համայնքապետերի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Բացի այդ՝ ՊՎԾ պետը գործուղվել է հենց Սյունիք՝ հնարավոր նոր խախտումներ հայտնաբերելու համար։
Սակայն Մեղրիի համայնքապետը նորմալ է վերաբերում այցին. «Եթե գործունեություն է իրականացվում, դա ենթադրում է՝ պետության վերահսկողություն, այստեղ որևիցե արտառոց բան չեմ տեսնում։ Նորմալ ստուգող մարմին է, քաղաքականությունը կապ չունի։ Իրենց ստեղծման օրվանից էլ խոշորացված համայնքի ձևավորվելուց հետո էլ ոչ մի անգամ ուսումնասիրություն չի արվել։ Նորմալ է, բացասական որևիցէ բան չեմ տեսնում, համենայնդեպս՝ առայժմ։ Արդյունքները ամփոփելուց ավելի տեսանելի կլինի, բայց առայժմ օբյեկտիվ, նորմալ ուսումնասիրություն ենք տեսնում»։
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իրեն ներքին կարգով զգուշացրել են՝ շրջանցել Գորիս-Կապան ճանապարհն ու Մեղրի հասնել այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհով, քանի որ ադրբեջանցիները հնարավոր է ՀՀ իշխանությունների ուղղորդմամբ կանգնեցնեն իր մեքենան և գերի վերցնեն կամ վնասեն, Զաքարյանը հայտնեց, որ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
«Դա երևակայության արդյունք է, թյուրըմբռնում է։ Չկա նման բան»։
Քաղաքապետը, սակայն հայտնում է, որ ճանապարհներն առհասարակ անվտանգ չեն։
«Պոտենցիալ վտանգ կա։ Եթե ադրբեջանական դրոշի տակով, իրենց զորքերի կողքով անցնում ենք, իհարկե, կա վտանգ»,- ասաց քաղաքապետը։