Հայաստանի հավաքականը Մունդիալ-2022-ի ընտրական փուլը Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակով մեկնարկեց
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Լիխտենշտեյնի հավաքականին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Վադուցում տեղի ունեցած խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ուներ զգալի տարածքային եւ խաղային առավելություն։ Հայաստանի թիմը գնդակին տիրեց 70 տոկոսը, 26 հարված կատարեց դարպասի ուղղությամբ, դրանից 6-ը՝ դարպասին։ Մրցակիցը ոչ մի հարված չկատարեց Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Սակայն գոլի վերածել առավելությունը հայ ֆուտբոլիստները կարողացան միայն 84-րդ րոպեին։ Տիգրան Բարսեղյանի իրացրած տուգանային հարվածից հետո սեփական դարպասը գրավեց կիսապաշտպան Նոահ Ֆրոմելտը։
J խմբի մյուս հանդիպումներում Գերմանիայի հավաքականը 3։0 հաշվով պարտության մատնեց Իսլանդիայի թիմին։ Ռումինացիները 3։2 հաշվով հաղթանակ տարան Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ։
Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում մարտի 28-ին Երեւանում կընդունի Իսլանդիայի թիմին։
ԱԱ-2022, ընտրական մրցաշար, առաջին տուր
J խումբ
Լեխտենշտեյն - Հայաստան՝ 0։1
Նոահ Ֆրոմելտ, 84, ինքնագոլ
Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան (Ալեքսանդր Կարապետյան, 46), Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան (Էդգար Բաբայան, 75), Տիգրան Բարսեղյան (Վահան Բիչախչյան, 90+2), Սարգիս Ադամյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Արթուր Միրանյան, 64):
Պահեստայիններ․ Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Արամ Քոչարյան, Կարեն Մուրադյան, Էդգար Բաբայան, Ժիրայր Շաղոյան, Հայկ Իշխանյան, Արթուր Միրանյան, Ալեքսանդր Կարապետյան, Սերոբ Գրիգորյան, Վահան Բիչախչյան։