Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցները ենթակա են վերադարձի. Բաղդասարյան

Ալիեւի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին հեռու է իրականությունից եւ հիմնազուրկ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ալիեւի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին հեռու է իրականությունից եւ հիմնազուրկ։

Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցները ենթակա են վերադարձի, եւ մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։

Եվ՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, եւ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը եւ ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար»։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», եւ պահվում են միայն «ահաբեկիչները եւ դիվերսանտները»։