Շվեդ խորհրդարանականները հորդորել են Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Շվեդիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին արագացնել հայ ռազմագերիների վերադարձը: Այս մասին հայտնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը:
Խորհրդարանական խմբի անդամներ Արին Կարապետը, Բյորն Սյոդերը և Ֆրեդրիկ Մալմը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման առնչությամբ: Նրանք ընդգծել են, որ այդ երկիրը քաղաքականացնում է մարդասիրական հարցը՝ միևնույն ժամանակ փորձելով արգելել միջազգային կազմակերպությունների, այդ թվում և ՄԱԿ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչի հետևանքով խոչընդոտվում է ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու հնարավորությունը:
Հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության 8-րդ կետին՝ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին «արագացնել մահացած անձանց աճյունների, ինչպես նաև ռազմագերիների ու գերիների փոխանակումը, դադարեցնել նրանց դեմ քրեական գործընթացներն ու ապահովել տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն»:
«Ռազմագերիների՝ առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը կլինի առաջին քայլերից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև վստահության վրա հիմնված մթնոլորտի վերականգնման ճանապարհին:
Մենք նաև կոչ ենք անում Եվրամիության կառույցներին այս մարդասիրական հարցը մշտապես բարձրացնել Ադրբեջանի Հանրապետության հետ ներկա ու ապագա հարաբերությունների համատեքստում»,- ասվում է պատգամավորների հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 29 զինծառայողների անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 29 զինծառայողների անուն։Պահեստազորա...
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին. Հովհաննիսյանը՝ իր գեներալի կոչման լուրերի մասին
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյա...
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Երևանում և մի քանի մարզերում 19։30- ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Auroranews -ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցի...