Քաղաքականություն

Բայդենի վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության տրամադրումը. Էնթոնի Բլինքեն

Unknown 183 դիտում
Բայդենի վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության տրամադրումը. Էնթոնի Բլինքեն

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման ֆոնին ԱՄՆ վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենն՝ ի պատասխան ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսի գրավոր հարցերին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

«Ես աջակցում եմ անվտանգության, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական աճի խթանման հարցում Հայաստանին օգնություն տրամադրելուն: Դա կօգնի ամրապնդել Հայաստանի անվտանգությունը և կայունությունը: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման ֆոնին մեր վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը: Ես ակնկալում եմ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ որոշակիացնելու համապատասխան օգնության ծավալը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքների բավարարման համար»,- ասել է Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին:

Բլինքենը նաև նշել է, որ  անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կարվեն՝ կապված ԱՄՆ Ազատության աջակցման ակտի 907 բանաձևի հետ:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական վերջին գործողություններից հետո Բայդեն- Հարիս վարչակազմը կվերանայի Ադրբեջանին տրվող աջակցությունն անվտանգության ոլորտում: Եթե հանգամանքները պահանջեն, ապա Բայդեն- Հարիս վարչակազմը պատրաստ կլինի կասեցնել Ազատության աջակցման ակտի 907 բաժնով նախատեսված պահանջների կատարման արգելքը»,- նշել է Բլինքենը:

Պետքարտուղարի թեկնածուն նաև նշել է, որ ԱՄՆ-ը կակտիվացնի իր ներգրավվածությունը Մինսկի խմբում՝ Ղարաբաղյան հակամարտության տևական լուծում գտնելու համար:

«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է գլխավորի հակամարտության ամուր կարգավորման դիվանագիտական ջանքերը՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ և պետք է հասնի միջազգային մարդասիրական օգնության տրամադրման՝ տառապանքներին վերջ դնելու համար: Ես կակտիվացնեմ ԱՄՆ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման որոնման հարցում, որը պաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնի՝ կանխելու նոր պատերազմը: Սա ներառում է նաև մեր փոխգործակցության ակտիվացումը Մինսկի խմբում»,- նշել է պետքարտուղարի թեկնածուն:

Էնթոնի Բլինքենն աջակցություն է հայտնել Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորմանն ու ընդհանրապես հումանիտար օգնության տրամադրմանը:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից