Մինչ հայությունը պատերազմում էր` ՍԴ նախագահը պարգեւավճարներ էր բաժանում, գումարներ վատնում` սրտի ուզած պետհամարանիշերը ձեռք բերելու վրա. «Փաստինֆո»
Մինչ Արցախում թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան հետ մղելու համար հազարավոր հայորդիներ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս` ՀՀ ՍԴ նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը պարգևատրումներ էր բաժանում ՍԴ աշխատակազմին, գումարներ վատնում ծառայողական մեքենաների համար ավելի գոլդ համարանիշեր պատվիրելով։ «Փաստինֆո»-ն դեռեւս նոյեմբերի 2-ին հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե ովքեր են ստացել պարգևավճար եւ որքան` ձեռնպահ մնալով մեր հավաստի տեղեկությունները հրապարակելուց, ինչով է պայմանավորված ծառայողական համարանիշերի փոփոխության անհրաժեշտությունն ու ինչ կապ ունի այն
ՍԴ-ի կողմից իր սահամանդրական գործառույթների հետ, որ նման իրավիճակում գումարներ են վատնում:
Սահմանադրական արդարադատություն իրականացնելուն կոչված այս կառույցը` ի հեճուկս օրենսդրության պահանջի, պատասխանն ուղարկել է ժամկետի խախտմամբ` հաստատելով, որ պարգեւատրումներ եղել են: Նկատենք, որ նոյեմբերի 9-ին ՍԴ մամուլի քարտուղարությունից տեղեկացրել էին, թե հարցման պատասխանը կտրվի նոյեմբերի 16-ին, ինչը ընդամենը ժամանակ ձգելու նպատակ էր հետապնդում, քանի որ օրենքը պահանջում է պատասխանել 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակն անհրաժեշտ է ուսումնասիրությունների համար, իսկ մեր հարցմամբ` ուսումնասիրության ենթակա հարցադրումներ չեն եղել: Ավելին ասենք` պատասխանն ուղարկվել է փնթի` անստորագիր` ի ցույց դնելով ՍԴ-ի իրական դեմքը:
Ինչեւէ` ՍԴ-ից հայտնում են, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսին ( մեր տեղեկություններով վերջերին, երբ արդեն մեկ ամիս հայկական կողմը գտնվել է պատերազմի մեջ) ՍԴ նախագահ Արման Դիլանյանը կարգադրություն է ստորագրել դատարանի աշխատակազմի 84 աշխատակիցներ պարգևատրել աշխատավարձի 30%-ի չափով (կարգադրությունը չի վերաբերվում ՍԴ դատավորներին)։ Բացի այդ` հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՍԴ աշխատակազմի երկու ստորաբաժանումների ղեկավարներ
(յուրաքանչյուրը մեկ անգամ) ստացել են պարգևատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով։
Հայաստանում ու Սփյուռքում անգամ երեխաները լծվել էին գումար հանգանակելով` հանուն Արցախի, իսկ ՍԴ-ն գումարները խնայելու փոխարեն պարգեւներ է բաժանում:
ՍԴ-ն հաստատել է նաեւ ծառայողական համարանիշերը փոխելու մասին մեր տեղեկությունները:
«2020 թվականի սեպտեմբերին Սահմանադրական դատարանի 3 նոր դատավորների ընտրությանը հաջորդել է ծառայողական ավտոմեքենաների բաշխում։ Այս երկու գործընթացների արդյունքում առաջացել է ՍԴ-ին հատկացված ծառայողական ավտոմեքենաների պետհամարանիշերի հաջորդականությունը վերականգնելու կարիք, որի համար Սահմանադրական դատարանը ՀՀ ճանապարհային ոստիկանությանը պետական տուրքի տեսքով վճարել է 138․000 ՀՀ դրամ»,- նշված է ՍԴ պատասխանում։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ՍԴ դատավորներին ամրակցված ծառայողական ավտոմեքենաների պետական համարանիշների փոփոխությունը որքանով կարող է նպաստել սահմանադրական արդարադատության որակի բարձրացմանը, ՍԴ-ից նշել են, թե «Հայաստանի Հանրապետության Տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, տեղեկություն են հանդիսանում «անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալները՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։ Հաշվի առնելով վերոնշյալը զերծ ենք մնում բնույթով տեղեկության վերաբերյալ հարցում չհանդիսացող հարցադրումներին անդրադառնալը»։
Այլ խոսքով չունեն պատասխան, հասկանում ենք, որովհետեւ դժվար է բացատրել, թե ինչ կարիք կար գումար ծախսել ՍԴ աշխատակազմի ղեկավարի համար նոր ծառայողական համարանիշ պատվիրելու համար, ինչով էր վատ 020 համարը, որ հիմա սույն պաշտոնյան 010-ով պետք է երթեւեկի, դրանից շա՞տ է բարձրանալու աշխատակազմի աշխատանքի, առավել եւս ՍԴ որոշումների որակը, առայժմ հակառակն է: Գրություններն սկսել են ուղարկել անստորագիր:
Աղբյուր` Փաստինֆո