Ցանկացել է քնել կրտսեր սերժանտի մահճակալին, վեճն ավարտվել է ինքնասպանությամբ. գործը դատարանում է
Պարտադիր ժամկետային զինծառայողը 2017 թվականին ցանկացել է մշտապես քնել կրտսեր սերժանտի մահճակալին, տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետեւանքով կրտսեր սերժանտը ծառից կախվել է. գործը դատանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հ. Մարգարյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ N պարտադիր ժամկետային զինծառայող կոչումով շարքային զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված` ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 34-րդ հոդվածով սահմանված իր նկատմամբ զինվորական կոչման բերումով պետ հանդիսացող նույն պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Վ. Մելքոնյանի մահճակալին մշտապես քնելու իր առաջարկը վերջինիս կողմից մերժելու պատճառով 2017 թվականի հուլիսի 22-ին` ժամը 23:30 սահմաններում նշված զորամասի առաջին դիվիզյոնի կենցաղային սպասարկման սենյակում, վիճաբանել է Վ. Մելքոնյանի հետ, որի ընթացքում խախտելով կարգապահական կանոնագրքի պահանջները, հայհոյանք տալով բռնություն է գործադրել իր նկատմամբ պետ, կրտսեր սերժանտ Վ. Ա. Մելքոնյանի նկատմամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ` տուժող Վ. Ա. Մելքոնյանի մոտ առաջացել է խիստ ընկճված հոգեվիճակ, որի հետեւանքով ժամեր անց վերջինիս զինվորական գոտիով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 358-րդ հոդվածի 4-րդ մասով։
Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին։
Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։