Իտալացիները շատ նման են հայերին. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանավորչությամբ գործող «A Day With…» հաղորդմանը:
Մխիթարյանը պատմել է, թե ինչպես են իր ընտանիքի անդամներն իրեն աջակցում, մոտիվացնում ու առաջ մղում.
«Դեռ մինչև ամուսնանալը, ես կողքիս ունեի մարդիկ, ովքեր իմ շարժիչ ուժն էին՝ մայրս, քույրս, հայրս, որը երկար ժամանակ է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, ինչպես նաև ընտանիքիս մյուս անդամները՝ եղբայրներս, ընկերներս… Այո՛, ես ֆուտբոլ ինձ համար եմ խաղում, բայց ուզում եմ, որ նրանք էլ երջանիկ լինեն: Եթե ես լավ եմ խաղում, նրանք երջանիկ են: Բայց երբ ամուսնացա ու տղաս ծնվեց, հիմա նույնիսկ մարզումների ժամանակ եմ նրանց մասին մտածում, միշտ նրանք իմ մտքում են, ինձ առաջ են մղում ու ես գիտեմ, որ պետք է քրտնաջան մարզվեմ ու խաղամ: Ճիշտ է տղայիս ծնվելուց հետո դեռ խաղ չի կայացել, բայց հուսամ՝ դեռ շատ-շատ խաղեր կլինեն»,- ասել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային թիմի ավագը նշել է, թե որն է իր գլխավոր նպատակը «Ռոմայում», նաև նշել, որ իտալացիները շատ նման են հայերին:
«Ես ինձ շատ լավ եմ զգացել Իտալիայում, Հռոմում հենց այն օրվանից, երբ ոտք եմ դրել այս երկիր: Ես ինձ զգում եմ ինչպես տանը: Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ մնալ այստեղ: Աստիճանաբար ավելի լավ եմ տիրապետում իտալերենին, կարողանում եմ առանց դժվարությունների շփվել իտալացիների հետ և հարցազրույցներ տալ այդ լեզվով:
Իտալացիների հետ ապրելը շատ հեշտ է: Նրանք նման են հայերին, և կարող եմ ասել, որ տարբերությունը միայն լեզվի մեջ է»,- ասել է նա: