Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել է Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված օլիմպիական չեմպիոն Անրի Դեգլանի անվան մրցաշարի հաղթող:
3 հաղթանակ տանելուց հետո գյումրեցի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 3:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Օրհան Նուրիևի նկատմամբ:
Դա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցաշարն էր նախորդ տարվա սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած վարկանիշային աշխարհի առաջնությունում ստացած վնասվածքից հետո:
Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) եզրափակիչում 2:5 հաշվով պարտվել է Ղազախսատնի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևին և դարձել արծաթե մեդալակիր:
Հայաստանի թիմի կազմում Գրան պրի շարքի մրցաշարում հանդես են եկել նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Ռոբերտ Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը 130 կգ:
Գեւորգ Ղարիբյանը, Ռուբեն Ղարիբյանը և Մալխաս Ամոյանը պարտվել են կիսաեզրափակիչում: Ամոյանը և Ղարիբյանը դարձել են բրոզնե մեդալակիր: