Եթե մարդիկ լավ չեն ընկալել, թե ինչի տակ են ստորագրել՝ ազատ են հայտարարությունից հրաժարվել. Քոչարյանի պաշտպան
Այսօր Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ չի կարող ասել, թե իրավաբանական տեսանկյունից ինչ ընթացք կարող են տալ այդ ստորագրություններին։ «Հնարավոր է, որ առհասակ այդ հարթության մեջ այդ հարցը չքննակվի։ Կարծեմ իրենք հենց այդպես էլ նախաբանի մեջ ասել են, որ չեն ստորագրում որպես իրավական շրջանակի մաս։ Եթե իրենք իրավական ընթացակարգը նկատի չեն ունեցել, իհարկե, իրավական ընթացակարգերում չենք կարող օգտագործել առանց իրենց թույլտվության»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե մշակութային գործիչներից ոմանք մեզ հետ զրույցում նշել են, որ առհասարակ տեղյակ չեն եղել, թե ինչի տակ են ստորագում՝ փաստաբանն ասաց, որ չի ցանկանա մեկնաբանել այդ հարցը։ «Եթե այդ անձիք լավ չեն ընկալել, թե ինչի տակ են ստորագրել, միշտ էլ ազատ են հայտարարությունից հրաժարվել կամ ասել, որ իրենք ուրիշ բան նկատի ունեին։ Դա նորմալ երևույթ է»։
Համացանցում նաև տեսանյութ էր տարածված, որտեղ Լևոն Քոչարյանը հանիպում է ունեցել Ավո Խալաթյանի և Նունե Եսայանի հետ։ Խոսելով տեսանյութի շուրջ տարաբնույթ մեկնաբանությունների մասին՝ փաստաբանն ասաց, որ նորմալ է համարում, որ իրենք միմյանց հետ ինչ-որ բանի մասին խոսեն։ «Ովքեր դրա մեջ վատ բան են տեսնում, թող իրենք ասեն, թե ինչու են վատ բան տեսնում»,-ասել է նա։