Թվով 31 գազալցակայաններում հայտնաբերված խախտումների արդյունքում պատճառվել է 16.7 մլրդ դրամի վնաս

ՊԵԿ քննչական վարչությունում այս պահին քննվող 330 քրեական գործերից 31-ը վերաբերում են գազալցակայաններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

 

«Խախտումները պայմանավորված են նախկինում` մինչև հեղափոխությունը, գազալցակայանների կողմից ավելի շատ գազի ծավալների իրացմամբ, որոնց վերլուծությունը հեղափոխությունից հետո անհամամեմատ տարբեր էր և խոսում էր ստվերային շրջանառություն ունենալու մասին։ ՊԵԿ–ը հիմնավորել և ապացուցել է, որ նախկինում ավելի շատ ծավալի գազ է սպառվել և իրացվել, քան հեղափոխությունից հետո»,–ասաց նա։

 

Հովհաննիսյանը հայտնեց, որ հարկային պարտավորությունների մասով ՊԵԿ կազմած վարչական ակտերն արդեն դատաքննության փուլում են, իսկ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

 

Ի դեպ, գազալցակայաններում հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկված վնասի չափը հաշվարկվել է 16.7 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ ներկա պահին քննվող մնացած 299 գործերով վնասը 15.3 մլրդ դրամ է։

 

Թե քանի լցակայան է փակվել այդ գործերի քննության արդյունքում, Էդուարդ Հովհաննիսյանը չհստակեցրեց:

 

Փոխարենը ՊԵԿ նախագահը նշեց, որ գազալցակայաններում ՊԵԿ ուսումնասիրությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև գին–ծավալ հարաբերակցությանը, որի շուրջ վերջին շրջանում սպառողները կասկածներ են հայտնում։

 

Նշենք նաև, որ եթե այս պահին քննվող 330 քրեական գործերով միասին պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 32 մլրդ դրամ, ապա միայն լցակայանների` պետությանը պատճառված վնասը կազմում է այդ գումարի գրեթե կեսը` 16.7մլն։

Գազալցակայանների նկատմամբ քրեական գործերի մեծ մասը հարուցվել են դեռ անցյալ տարի։

 

Քաղաքականություն