Պոլսո պատրիարքը քննադատել է Սենատի՝ Հայոց ցեղասպանության բանաձևը
Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին՝ խոսելով նաև ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին, հայտնում է ermenihaber.am-ը։
Մաշալյանը բանաձևի ընդունման մասին նշել է. «Կան բաներ, որոնք չպետք է կարևորել։ Խորհրդարաններում անընդհատ ինչ֊որ բանաձևեր են ընդունվում։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մեզ հետաքրքրեն և ուղղակիորեն մեր միջամտությունը պահանջեն։ Որպես Թուրքիայի հայեր` մեզ ցավ է պատճառում, որ 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած ցավալի դեպքերը այլ երկրների խորհրդարաններում օգտագործվում են որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման միջոց։
Մենք ցանկանում ենք, որ այս հողերում տեղի ունեցած խնդրի մասին այս հողերում ապրող մարդիկ խոսեն։ Հատկապես ցանկանում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, կողմերը կարողանան երկխոսել։ Քանի որ կողմերը միմյանց հետ չեն կարողանում խոսել, խոսելու իրավունքը վերապահվում է երրորդ, չորրորդ կողմերին, օվկիանոսի մյուս կողմում գտնվողներին։
Երանի Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հնարավոր լիներ կյանքի կոչել, Վիեննայի հանդիպումները իրականացնել, պատմաբանների համատեղ հանձնաժողովը հիմնել։ Այս ամենը բաներ են, որ մենք պետք է կարգավորենք։ Քանի որ այս ամենը հետաձգվում է, հետևաբար հարցն օգտագործվում է որպես լծակ Թուրքիային ճնշելու համար։
Այս նպատակով ասպարեզ բերված «հայկական թեզը» այնպիսի զգացողություն է առաջացնում, որ մենք պարզապես օգտագործվում ենք։ Սա բարոյական չեմ համարում։ Հարցը քաղաքական կողմ ունի։ Այն մեկնաբանելու հարցը քաղաքական գործիչների գործն է։ Ես քաղաքական գործիչ չեմ։
Որպես հայ համայնք՝ մենք ինտեգրված ենք Թուրքիայի հասարակությանը։ Մենք 100 տարի առաջ տեղի ունեցածը հիշելով մոռացանք, մոռանալով հիշում ենք։ Սա Ստամբուլի հայ համայնքի ընտրությունն է։ Մենք ընտրել ենք այստեղ ապրելը։ Եվ այդ հանգամանքը մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում։ Քաղաքական հարցերը, որոնք ծավալվում են Թուրքիայի հայ համայնքից դուրս, կամա թե ակամա մեզ վրա էլ են ազդեցություն թողնում։ Նման հարցերի հրահրումը Թուրքիայում, ավելացնում է ատելության խոսքը»։