Մեկնարկել է ձմեռային զորակոչը. առաջին նորակոչիկներն այսօր կմեկնեն ծառայության

Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

 

ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

 

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի և հետևողականության, զորակոչի գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա:  

 

ՀՀ զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի պաշտպանությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Կոչ ենք անում ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին: