Վարչապետը սիրում է այդ խուլիգանին ու խուժանին. Ու՞մ մասին է խոսում Անժելա Թովմասյանը
Նիկոլ Փաշինյանը, չարձագանքելով այս կամ այն դեպքին, դրանով իսկ նպաստում է, որ այդպիսի գործողություններն այսպիսի ընթացք ստանան:
Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայելի» ակումբի տնօրեն Անժելա Թովմասյանը` անդրադառնալով ակումբի վրա հարձակման դեպքին:
«Երբ այդ նույն խուժանները, ես չեմ վարանում այդպես բնութագրել այդ երիտասարդներին, Օպերայի հարակից տարածքից հայտարարում են, որ պետք է Արցախի նախագահի գլուխը կոտրեն, երբ հարձակվում են Հրանտ Մարգարյանի վրա, նույն խուլիգանները հարձակվում են փաստաբանի մեքենայի վրա, ինչ-որ այլանդակ հայտարարություններով են հանդես գալիս, պարոն Ենոքյանի մեքենայի անիվն է ծակվել:
Ես զարմանում եմ, որ մեր վարչապետը չի արձագանքել, քանի որ ինքը ամեն ինչի արձագանքում է, միայն այս խուլիգանություններին, չգիտես ինչու, չի արձագանքում, ինչպես ասում է պարոն Ավետիքյանը, մեր շատախոս վարչապետը շարունակում է լուռ մնալ: Եվ այդ չարձագանքելով՝ նա նպաստում է, որ այս ամենը շարունակական լինի»,- ասաց Անժելա Թովմասյանը:
Նա նշեց նաեւ դատավոր Աննա Դանիբեկյանին տեսանկարահանող երիտասարդները, օրինակ, կալանքի տակ են, բայց իր նշած խուլիգանությունները կատարողներն ազատության մեջ են:
Անժելա Թովմասյանն ասաց, որ քննիչին ոչինչ ասել չի կարող, որովհետեւ ինքն էլ է անհարմար իրավիճակում, գլուխը կախ էր պահում:
«Գոնե մի հարցում վարչապետն անկեղծ է, երբ ասում է՝ ես ձեզ սիրում եմ: Աղվան Վարդանյանն ասաց` ես ձեզ վատ լուր ունեմ, ձե վարչապետը ձեզ չի սիրում, ուղղակի իսկապես մի տարբերությամբ՝ այս պարագայում նա սիրում է այդ խուլիգանին ու խուժանին: Խուլիգանն ու խուժանն ավելի ակտիվ են դարձել մեր իրականության մեջ: Եթե իրենց թվում է, թե ժամանակ է անցնելու, արձագանք չի լինելու, ապա ոչ, ես կոնկրետ եւ իմ գործընկերները վստահեցնում ենք ձեզ, որ այս գործը հենց այնպես չի փակվելու»,- հավելեց Անժելա Թովմասյանը:
Նա նաեւ պատմեց, որ արտերկիր այցի ժամանակ «Հրապարակ» օրաթերթի լրագրողն առանձին մոտեցել եւ վարչապետին հարցրել է՝ ինչով եք բացատրում Ձեր լռելը, վարչապետն ասել է, որ հանձնարարական է տվել եւ լուրջ զբաղվում են. «Սա՞ է Ձեր զբաղվելը, երբ որ 2 ամիս անցել է, ու ոչ մի լուր չկա, փակած, կողքի վրա դրած է գործը: Ես ասում եմ՝ զսպեք Ձեր խուլիգանին եւ խուժանին եւ զբաղվեք գործով»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: