ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ BBC-ին

Հեղափոխության շնորհիվ մեր ներքին նպատակներին հասնելու ճանապարհին ոչ ոք կասկածի չի ենթարկել մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եղել են բավականին հետեւողական. այն է՝ ապահովել Հայաստանի ազգային անվտանգության ճարտարապետության կայունությունը: 

 

Այս մասին BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում նշել է հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անվտանգության մեծ մարտահրավեր է Հայաստանի, մեր ժողովրդի համար: Մեզ համար դա, նախեւառաջ, մեր հայրենակիցների անվտանգության, մարդու անվտանգության, 150000 մեր հայրենակիցների անվտանգության խնդիրն է: Մեր կառավարությունը, առանց հապաղելու, անմիջապես ներգրավվել է կարգավորման գործընթացի մեջ, եւ ներգրավվել ենք կառուցողական ձեւով:

 

Մենք լիովին քաջատեղյակ ենք խաղաղության օգուտների մասին, մենք խաղաղություն ենք ցանկանում, մենք ցանկանում ենք հասնել դրան, սակայն այնպես, որ պահպանվի կողմերի հանձնառությունների ողջամիտ հավասարարժեքությունը եւ մենք լուծենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ կարգավիճակի մեր բացարձակ առաջնահերթությունները»,-ասել է նախարարը:

 

Դիտարկմանը, որ մի կողմից Հայաստանը հայտարարում է, որ խաղաղություն է ուզում, մյուս կողմից ընդամենը մի քանի ամիս առաջ, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Նա իրապես խաղաղություն է ցանկանում, քանի որ Հայաստանի վարչապետը շարունակաբար պնդում է, որ կարգավորումը, որին մենք պետք է հասնենք, պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաեւ մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել:

 

Ես ասում եմ դա, քանի որ Հայաստանի օրակարգը, համահայկական օրակարգը վերաբերում են նաեւ Արցախին: Հայաստանը հետապնդում է զարգացման օրակարգ, համախմբման օրակարգ եւ չի կարող դուրս թողնել Արցախի ժողովրդին. դա համահայկական օրակարգ է: Մենք մի ազգ ենք, որը, լինելով Հայաստանի Հանրապետության տարածքում, միաժամանակ ունի համաշխարհային ընդգրկում»:

 

 

 

 

Պատահարներ