ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այստեղ են ժամանել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԺ նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան լրագրողների հարցին, թե արդյոք «Հոկտեմբերի 27-ի» գործը բացահայտված համարում է, պատասխանեց. «Հիմա դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Որքանով դատաքննությունը ավարտվել է՝ համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ չեմ կարող խոսել: Ժամանակի ընթացքում, եթե նոր փաստեր հայտնվեն, միգուցե, փոփոխություն կատարվի: Ես առաջին շահագրգռվածն եմ, որ այդ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել: Եթե կան ինչ-որ անձիք, որ ուղղորդել են, ապա ես կարծում եմ, որ ժամանակի խնդիր է, հնարավոր չէ, որ չբացահայտվի, այնպիսի բաներ են բացահայտվել 20, 30 տարի անց»: 

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքներին, նա ասաց, որ սերտ համագործակցում են, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են, ՊՆ ներկայացուցիչները ներկա են այդ աշխատանքներին: Նախարարը նաև նշեց, որ եթե ինքն էլ հրավիրվի, ապա կներկայանա հանձնաժողով: 

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ հանձնաժողովի աշխատանքներից, նա պատասխանեց. «Որպեսզի ավարտվեն ասեկոսները հասարակության մեջ ապրիլյան գործողությունների հետ կապված: Ես բացառում եմ դավադիր պատերազմը, այսինքն՝ դավադիր գործողություններ հակառակորդի կողմից եղել են, բայց դավադրություն հայաստանյան կողմից բացառում եմ»: 

Նախարարը, խոսելով սահմանում տիրող իրադրության մասին, ասաց, որ այս պահին այն վերահսկելի է, համեմատական անդորր է, կան կրակոցներ, որոնք հիմնականում կապված են տարվող ինժեներական աշխատանքների հետ: 

Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև օրեր առաջ իր հրաժարականի վերաբերյալ մամուլում տարածված լուրերին՝ ասելով, որ, երևի, տրամադրություններ էին ստուգում, ապա ավելացրեց, որ ասեկոսեներով, սպեկուլյացիաներով զբաղվելու ժամանակ չունի: Նախարարը նաև նշեց, որ վարչապետի հետ իր հարաբերություններում լարվածություն չկա: 

Լրագրողների հարցին, թե ինչ կասի Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, նախարարը պատասխանեց, որ Արցախի հարցը լուծված է: 

 

Պատահարներ