Գասպարյանը ցանկանում է առերեսվել իր դեմ վկայած բոլոր անձանց հետ

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել իշխանությունը չարաշահելու համար։

 

 ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է  Գասպարյանի փաստաբան Զորայր Հարությունյանը՝ այս գործը նոր չէ, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ քննվում է։

 

«Պարոն Գասպարյանի մասնակացությունը սկսվել է երեկվանից՝ երբ կանչվել է քննչական կոմիտե։ Այս գործով այսօր ենք ներկայացել, առաջադրվել է մեղադրանք, Գասպարյանը ցուցմունք տալուց այս փուլում հրաժարվել է։ Նա առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, ասելով, որ իրեն միանշանակ մեղավոր չի ճանաչում։ Առերեսումներ, այլ դատավարական ապացուցողական նշանակությունն ունեցող գործողություններ չեն կատարվել դեռ, բայց պարոն Գասպարյանը հայտարարել է, որ պատրաստակամ է մասնակցել ցանկացած դատավարական գործողության, որը նախաքննությունն իրականացնող մարմինը կհամարի գործի քննությունն ապահովելու համար անհրաժեշտ»,- նշեց փաստաբանը։

 

Հարցին, թե ինչու է Գասպարյանը հրաժարվել ցուցմունք տալուց, փաստաբանը պատասխանեց. «Որպես այդպիսին պատճառ չի նշվել, դա ցանկացած մեղադրյալի, այդ թվում նաև Գասպարյանի սահմանադրական իրավունքն է»։

 

Դիտարկմանը, որ Գասպարյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո սա առաջին քրեական գործը չէ, և քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, Հարությունյանը պատասխանեց. «Մնացած քրեական գործերից այնքանով է տարբերվում, որ սա առաջինն է, երբ մեղադրանք է առաջադրվել։ Բայց ես կիսում եմ այն կարծիքը, որ այս գործը որևէ դատական հեռանկար ունենալ չի կարող։ Պարոն Գասպարյանին վերաբերվող դրվագների մասով առավել քան վստահ եմ, որ այդտեղ դատավարական հեռանակար չկա և քրեական գործի առաջադրված մեղադրանքի ապագան միանշանակ քրեական հետապնդումը դադարեցնելն է»։

 

Խոսելով գործի ընթացակարգի մասին, Հարությունյանն ասաց, որ քրեական գործի քննությունը կփոխանցվի հատուկ քննչական ծառայությանը, քանզի Գասպարյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանպետի պաշտոնը։

 

«Հետագայում մենք, որպես պաշտպանական խումբ , բողոքարկելու ենք խափանման միջոց ընտրելու մասին որոշումը։ Համապատասխան միջնորդություններ կան, որոնք պետք է ներկայացվեն վարույթ իրականացնող մարմին, որի կապակցությամբ կայացված որոշումների մասին արդեն առանձին գործողությունները կպլանավորվեն այդ որոշումների կայացումից հետո»,-ասաց փաստաբանը։

 

Հարությունյանը նաև հավելեց, որ նախկին ոստիկանապետը ցանկանում է առերեսվել իր դեմ վկայած բոլոր անձանց հետ. «Պարոն Գասպարյանը հայտարարել է, որ իր դեմ վկայած բոլոր անձանց հետ միանշանակ ցանկանում է առերեսվել և ծանոթանալ այն բոլոր ապացույցներին, որոնք որ ենթադրաբար օգտագործվում են կամ կարող են օգտագործվել նրա համար, որպեսզի ենթադրաբար հաստատվի առաջադրված մեղադրանքը»։ 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: 

 

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել:  Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։