Օրական նախատեսվում է այստեղ մաքսազերծել 800-1000 մեքենա․ Դավիթ Անանյան
Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը 1 ամսում լայն թափ է ստացել, բայց հոկտեմբերի 11-ին այն շահագործման հանձնելու համար տեմպերը գոհացնող չեն: Այս մասին այսօր շինհրապարակում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և նշել, որ շինաշխատանքների ծանրաբեռնված ռեժիմի անցնելու անհրաժեշտություն կա:
Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը համալիր ծրագրի միայն առաջին փուլն է, 2-րդ փուլը նախատեսված է հաջորդ տարի. կկառուցվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։
Ավտոմաքսատան և ընդհանուր արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21 ու կես հա տարածքից 5 ու կես հեկտարում են այժմ շինարարական մեծածավալ աշխատանքները: Շինարարության մեկնարկից սկսած, 1 ամսվա ընթացքում աշխատանքի ծավալները կրկնապատկվել են, բայց դեռ բավարար չեն սահմանված ժամկետում գործն ավարտելու համար:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով`աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել: Նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում դրա անհրաժեշտությունն առաջանա, շինարարը կանցնի 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Դավիթ Անանյանը վերահաստատել է, որ հոկտեմբերի 11-ին այստեղ բացում է կատարվելու:
Կապալառու կազմակերպության ղեկավար Արամ Ադամյանի խոսքով` հիմա տարածքում 8 շինկազմակերպություն է աշխատում, 10 մատակարար և տրանսպորտային մեխանիզացիայի կազմակերպություն, ընդհանուր հաշվով՝ 150 մարդ, բայց հետագայում կարող է մինչև 350-ի հասնել աշխատողների թիվը, քանի որ եղած կազմակերպությունները դեռ թափ չեն ստացել:
Շինարարության այս փուլում աշխատուժի պակաս չկա: Շինհրապարակում նախագծողների ու տեխնիկական վերահսկողների գործն համատեղ է: Շինարարություն է տարվում նախագծմանը զուգահեռ: Ամբողջական նախագծին սպասելու ժամանակ չկա, շինարարը դրանով է պայմանավորում շինարարությանը զուգահեռ ընթացող նախագծումը: Բացի դրանից, շինարարական տարածքի ընդլայնում է տեղի ունեցել: Նախատեսված փոքր շինությունների փոխարեն ավելի մեծ մասնաշենքեր են կառուցվելու: Միայն գլխավոր մասնաշենքը զբաղեցնելու է 3500 քմ տարածք: Տարածքում գրունտային ջրերի բարձր մակարդակի պատճառով կառուցվող գլխավոր մասնաշենքի հիմքերում կրկնակի բետոնալցում է կատարվում: Եվս 2 մասնաշենքերի՝ պահեստի և տրանսֆորմատորային ենթակայանի կառուցումը, զուգահեռ է տարվում: Բոլորի կառուցապատման ավարտի ժամկետը մեկն է՝ հոկտեմբերի 11-ը:
Գյումրիում ավտոմաքսատան կառուցմամբ կլուծվի Բագրատաշենի մաքսակետի գերծանրաբեռնվածության խնդիրը, մյուս 2՝ Բավրայի և Գոգավանի մաքսակետերի աշխատանքային ծավալների վրա ևս ավտոմաքսակետի բացումը դրական ազդեցություն կունենա: Մինչև տարեվերջ նախատեսվում է, որ 1 պատուհանի սկզբունքով Գյումրիի ավտոմաքսատանը կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում:
Օրական նախատեսվում է այստեղ մաքսազերծել 800-1000 մեքենա: Աշխատանքով կապահովվի 35 գյումրեցի:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...
Որոշ լրատվամիջոցներով Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել. Ջրային կոմիտե
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մե...