Որոշ լրատվամիջոցներով Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել. Ջրային կոմիտե
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։
Ջրային կոմիտեն պարզաբանում է ներկայացրել.
«Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։
Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է 148․343մլն խմ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131․538մլն խ/մ էր, տարբերությունը կազմում է 16․805մլն խմ ջուր։
Ինչ վերաբերում է լճից ջրառին, ապա նույն օրվա դրությամբ այս տարի Սևանից բաց է թողնվել 129․044մլն խ/մ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174․956մլն խմ էր։
Ուշադրություն ենք հրավիրում թվերի տարբերությանը․ փաստորեն, այս տարի Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը (ներառյալ ստորերկրյա ներհոսքը) նախորդ տարվանից ավելի է 16․805 մլն խմ-ով։
Ջրառի դեպքում ակնհայտ է, որ նույն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ, Սևանից այս տարի պակաս է վերցվել 45,912 մլն խմ ջուր։
Հիշենք, որ անցյալ տարի, օրենքով սահմանված 170 մլն խմ ջրառից հետո լրացուցիչ ջրառի կարիք ևս առաջացավ, Սևանից ոռոգման նպատակով հավելյալ 40 մլն-ի ջրառի թույլտվություն եղավ, ընդհանուր 210 մլն խմ թույլատրված ջրառից օգտագործվեց 200․623 մլն խմ-ն։
Իսկ այս տարի ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չկա լճից, այլև համակարգում կանխատեսում են ևս 5-10 մլն խ/մ ջրի խնայողություն՝ թույլատրված 170 մլն-ից, եթե եղանակային պայմանները թույլ տան։ Նման խնայողությունն այս տարի հնարավոր է դարձել տարեսկզբից ոռոգման համակարգում իրականացվող կառավարման արդյունավետության քայլերի, իհարկե, նաև՝ բարենպաստ եղանակի, ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակելու շնորհիվ։
Իրականությունը սա է և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2019թ-ին Սևանից 51 մլն խ/մ-ով պակաս ջրառի մասին, հենց այս իրականությունն է արտացոլում․ թվերը, բնականաբար, ըստ օրերի փոփոխվում են և ոռոգման շրջանի ավարտին հանրությանը կներկայացվի վերջնական պատկերը։
Ինչ վերաբերում է լճի մակարդակի և ջրառի խնայողության զուգահեռներին, ապա դրանք միայն բացարձակ թվերով համադրելի չեն, քանի որ լճի մակարդակը պայմանավորված չէ միայն ջրի ներհոսքով կամ արտահոսքով․ կա գոլորշացման բնական երևույթը, կան նաև ստորերկրյա արտահոսքերը, եղանակային պայմանները և այլն, որոնց մանրամասն բացատրությունը կարող են տալ համապատասխան մասնագետները։
Լճի մակարդակի վերաբերյալ ևս տվյալները փոփոխվում են և եթե որոշ լրատվամիջոցների մտահոգությունը հարուցած՝ 1սմ-ի տարբերություն էր գրանցվել օգոստոսի 29-ին, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ, ինչպես արդեն ներկայացրել ենք, ցուցանիշը նույնն է, ինչ անցյալ տարվանը։
Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Սևանի հետ կապված՝ ներկայացված բոլոր թվերը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության չափումների տվյալներն են, որոնք պարբերաբար հրապարակվում են»։