50-ից ավելի հայ 10 ժամից ավելի մնացել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանում. թռիչքը կիրականացվի երեկոյան

Այսօր առավոտյան 04:45-ին նախատեսված  Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել է: Մոտ 50-55 հայ 10 ժամից ավելի մնացել է եգիպտական Շարմ էլ Շեյխի օդանավակայանում:

«4:45 մեր չվերթն էր, բայց երբ օդանավակայան հասանք, երբ հասավ հայերի ռեգիստրացիայի հերթը, իրենք ուղղակի մեր անձնագրերը վերցրին և ասացին, որ հայերը չեն թռչում այսօր, որովհետև չվերթը փակ է: Իրենք ոչ մի պարզաբանում չտվեցին, ոչ մի հստակ բան չասացին, թե ինչն է պատճառը: 6 ժամից ավելի օդանավակայանում սպասելուց հետո միայն Եգիպտոսում մեր տուրիստական գործակալության՝ Skymaxholidays-ի աշխատակիցները ժամանեցին: Այս գործակալության հետ են աշխատում Հայաստանի մի քանի տուրիստական ընկերություններ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսում մնացած ուղևորներից Սիրանուշ Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ մոտ 50-55 հայ, այդ թվում՝ շատ մանկահասակ երեխաներ, Շարմ էլ Շեյխի օդանավակայանում էին մնացել 10 ժամից ավելի:

«Անտեսված էինք, մեր այստեղի տուրօպերատորը բացարձակ չէր պատասխանում մեր զանգերին, մեզ ոչ ոք չէր մոտենում: Նաև ոչ մի հստակ ինֆորմացիա մեզ 7 ժամվա ընթացքում չէր տրվում, թե որն է պատճառը ինքնաթիռի չթռնելու:

Հետո մենք զանգահարեցինք, այսպես կոչված, տուրիստական ոստիկանություն, իրենք էլ մոտ 3 ժամ հետո ժամանել են օդանավակայան: Որոշվեց, որ ամեն մեկին պետք է տեղափոխեն իրենց հյուրանոցներ: Եվ այն հյուրանոցները, որտեղ մեզ տանում էին, պարզվեց, չեն համաձայնեցրել, տեղ չկա այնտեղ մնալու համար, և մինչև հիմա որևէ մեկը հյուրանոցում տեղավորված չէ»,- ասաց Սիրանուշ Գրիգորյանը:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ թռիչքն իրականացնող Air Cairo ավիաընկերությունը տեխնիկական պատճառով է հետաձգել չվերթը:

«Air Cairo ավիաընկերությունից մեզ հայտնեցին, որ ոչ թե չեղարկվել է,այլ հետաձգվել է թռիչքը: Նախնական տվյալներով՝ այնտեղի ժամանակով երեկոյան ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00) պետք է թռիչքը կայանա: Իրենց հաղորդմամբ՝ բոլոր ուղևորներին, ովքեր պետք է առավոտյան գային, տեղավորել են հյուրանոցներում»,- ասացին քաղավիացիայի կոմիտեից: