Մինչ Ամազոնի անտառներն այրվում են, Բրազիլիայի նախագահը սելֆի է անում և կատակում է. Daily Mail
Մինչ Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում և մի շարք այլ քաղաքներում ցույցեր են ընթանում՝ Ամազոնի արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհներն անհապաղ մարելու կոչերով, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ռազմական միջոցառման ժամանակ սելֆիներ է անում և կատակում է, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր Բրազիլիայի բանակի շտաբում զինվորի օրվա արարողության ժամանակ Ժաիր Բոլսոնարուն զինվորական բերետ է փորձել, սելֆիներ է արել ու անհոգ տեսք է ունեցել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժաիր Բոլսոնարուն թույլ էր տվել Ամազոնի արևադարձային անտառներում հրդեհները մարելու գործընթացին ներգրավել նաև զինվորականներին: Հաղորդվում է, որ ըստ երկրի նախագահի հրամանագրի՝ Բրազիլիայի զինված ուժերը շաբաթ օրվանից կտեղակայվեն սահմանային շրջաններում, բնակելի հատվածներում և այլ տուժած շրջաններում՝ հրդեհների մարման աշխատանքներին մասնակցելու համար:
Զինված ուժերը կհամագործակցեն հանրային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության մարմինների հետ, ասված է նախագահի հրամանագրում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ աշխարհի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացվում՝ Ամազոնի արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհները մարելու պահանջով:
Ցուցարարները Լոնդոնում, Ժնևում, Փարիզում, Մադրիդում, Միլանում և Բեռլինում հավաքվել են հյուպատոսարանների մոտ և ճանապարհներ փակել՝ պատմության մեջ վատագույն հրդեհները կանգնեցնելու կարգախոսներով և պաստառներով:
Բողոքի ցույցի մասնակիցները Փարիզում Բրազիլիայի դեսպանատան մոտ վանկարկել են՝ «Բոլսոնարու, հեռացի՛ր»:
Մեծ Բրիտանիայում ցույցի մասնակիցները հավաքվել են երկրի մայրաքաղաքում գտնվող հյուպատոսության մոտ՝ կոչ անելով Բոլսոնարուին կանխել Ամազոնի արևադարձային անտառների զանգվածային հրդեհները:
Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:
Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: