Փաշինյանը պետք է քաղաքական գնահատական տա Ամուլսարի շահագործման դեմ ակցիա արած ցուցարարների նկատմամբ Ոստիկանության կիրառած բռնի ուժին

Լուրջ խնդիր ունենք, քանի որ ոստիկանությունը նորից, ինչպես նախորդ իշխանության ժամանակ, փորձում է գնահատական տալ իր իսկ գործողությունների իրավաչափությանը:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝անդրադառնալով Ոստիկանության տարածած հայտարարությանը՝ կապված ԱԺ-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ կիրառած բռնության հետ: Նա շեշտեց՝ Ոստիկանությունն իր իսկ գործողություններին գնահատական տալու լիազորություն չունի:

«Ոստիկանության գործողության իրավաչափությանը պետք է գնահատական տան ՀՔԾ-ն, Դատախազությունը, դատարանները, որոշ այլ մարմիններ, որոշ մասով ՄԻՊ-ը, առանձին մասերով այլ մարմիններ, բայց ոչ ինքը՝ ոստիկանությունը: Այստեղից է գալիս խնդիրը»,- ասաց նա:

Իոաննիսյանի համար նաև ընդունելի չէ այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության գործողություններից հետո ո՛չ ուղիղ եթերների ժամանակ, ո՛չ էլ հայտարարությամբ գնահատական չտվեց ոստիկանության կիրառած բռնի ուժին: Նա շատ կցանկանար, որ վարչապետը հրապարակավ անդրադառնար այդ դեպքերին՝ դրանց տալով քաղաքական գնահատական:

«Կոչ եմ անում լրագրողներին, որ համապատասխան առիթի դեպքում վարչապետին հարցնեն, թե ինչ կարծիքի է ինքն այդ դեպքերի մասին, որպեսզի ինքն էլ հրապարակային պատասխանի: Ինչ վերաբերում է խորհրդարանի տարածքում ցույց իրականացնելու թույլ տալ-չտալու հարցին, ինչը ևս խայտառակություն էր, այսինքն՝ սրա հետ կապված էլ գնահատականները խայտառակություն էին, կարծում եմ՝ սրա հետ կապված խորհրդարանի ղեկավարը պետք է մեկնաբանություն տա: Շատ ցավ կապրեմ, եթե ԱԺ ղեկավարն ասի, որ դա խորհրդարանի անվտանգությունն է որոշում կամ անվտանգությամբ է պայմանավորված, դա լուրջ չէ: Չի կարող անվտանգության ծառայությունը, որը հատուկ ծառայության ստորաբաժանում է, որոշել, թե որտեղ հավաք լինի, որտեղ՝ չլինի»,- շարունակեց Իոաննիսյանը:

Հարցին՝ հեղափոխությունից առաջ Փաշինյանի և արդեն իսկ վարչապետ Փաշինյանի բառապաշարի մեջ տարբերություն չկա՞, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, թե տարբերությունն ակներև է: Նա նախ նկատեց, որ Ոստիկանությունը մինչ հեղափոխությունն էլ մերն էր, այսինքն՝ քաղաքացիներինը, քանի որ նրանց վարձատրում են ՀՀ հարկատուները:

«Հիշում եմ՝ հեղափոխությունից հետո որոշ ցուցարարներ ծեծում էին Կառավարության շենքի դուռը, և վարչապետն ասաց՝ իրենց դուռն է, ուզում են՝ ծեծում են: Եվ այս առումով տարբերությունն ակներև է, տարբերությունը միգուցե ոչ միայն հենց անձամբ վարչապետի հռետորաբանության մեջ է, այլև եկեք գլոբալ դիտարկենք՝ հիշելով, որ Ոստիկանությունը վարչապետին առընթեր մարմին է: Այստեղ, իրոք, էական տարբերություն ենք տեսնում: Ուղղակի խնդիրն այն է, որ ոստիկանները պետք է գործեն հայաստանցիների շահերից ելնելով, պետք է հարգեն հայաստանցիների՝ խաղաղ հավաքներ իրականացնելու Սահմանադրությամբ և կոնվենցիայով տրված իրավունքը»,- ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է ոստիկանության հայտարարությանը, թե իրենք շարունակելու են գործել օրինականության դաշտում, Իոաննիսյանը նշեց, որ ցուցարարները պետք է մնան բացառապես խաղաղ:

«Ցուցարարներն իրենց չպետք է պահեն այնպես, ինչպես Իջևանում, քանի որ Իջևանում ոստիկանների վրա քարեր էին նետում, բայց եկեք համաձայնենք, որ Բաղրամյան պողոտայի վրա ցուցարարները, մեղմ ասած, իրենց այդպես չէին պահում: Իրենք իրենց պահում էին խաղաղ»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:

Քաղաքականություն